«Առավոտի» հարցերին պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ պայքարը շարունակելու է, քանի որ ՀՀ կառավարությունում հանդիպման արդյունքները չեն գոհացրել նրանք։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները քննարկո՞ւմ են արցախցիներին աջակցելու համար որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։
-Դեռեւս 6 ամիս առաջ մենք նախաձեռնությամբ հանդես եկանք, որպեսզի ստեղծվի Քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու արցախցիներին տրամադրվող ծրագրերի արդյունավետությունը։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը տորպեդահարեց մեր այդ նախաձեռնությունը։ Այսինքն՝ օրենքի ուժով այդ հանձնաժողովը ստեղծվեց, բայց քանի որ իրենք անդամների թվի համար չքվեարկեցին, հանձնաժողովը փաստորեն գոյություն չունի, կա ընդամենը մեկ նախագահ, որը ես եմ։
Բայց եւ այնպես մենք բավական քրտնաջան աշխատանք ենք արել, դիմել ենք նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, որը ծրագիր է իրականացնում Ազգային ժողովում։ Իրենք ձեւավորել էին փորձագիտական խումբ, որը բավականաչափ լուրջ ու համապարփակ ուսումնասիրություն էր կատարել արցախցիների իրավունքների մասին, ներառյալ նաեւ բնակարանային, կրթական, առողջապահության ու քաղաքացիության հարցերը։ Դա խորհրդարանում ներկայացվել է պատգամավորներին ու աշխատակազմին։ Մենք այժմ քննարկում ենք տարբերակներ՝ շարունակություն տալու այդ ուսումնասիրությանը՝ արդեն կոնկրետ առաջարկություններ մշակելու համար։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, վերջին հայտարարությունների ժամին ես անդրադարձել եմ հենց արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերին։ Դա անմիջապես մեր ուշադրության կենտրոնում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնակցում են «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները եւ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները՝ ուսումնասիրելու առկա խնդիրները, օպերատիվ լուծելու եւ ծրագրերի բարելավման առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Գալիք քառօրյայում կառավարության ծրագրի կատարողականն է քննարկվելու։ Ակնհայտ է, որ մեր ուշադրության կենտրոնում լինելու են Արցախի հարցը եւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»։ Ավելի ուշ սկսվելու է նաեւ բյուջետավորման ընթացքը, եւ նաեւ բյուջեում ենք առաջարկություններ ներկայացնելու։ Ընթացիկ այլ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալու, իհարկե, հասկանում ենք, որ այս իշխանությունները կտորպեդահարեն այդ ամենը, բայց մեր քաղաքական դիրքորոշումը կարտահայտենք։
Մենք պետք է հստակ հասկանանք, որ այս իշխանությունների նպատակը ոչ թե Արցախի հարցը լուծելն է, ոչ թե արցախցիների վերադարձի իրավունքն ապահովելն է, արցախցիներին բարեկեցիկ կյանքով ապահովելը, այլ ամեն ինչ անելն է, որ մարդիկ այստեղից հեռանան։ Քանի դեռ արցախցիները կոմպակտ ապրում են Հայաստանում, վերադարձի իրավունքը շատ ավելի առարկայական է։
-Կառավարությունում երեկ արցախցիներին տրված պատասխանից հետո ի՞նչ պետք է անել։
-Մենք մասնակցել ենք մարտի 29-ի հանրահավաքին եւ կոչ ենք արել, որ մեր աջակիցները մասնակցեն հանրահավաքին։ Մենք մեր արցախցի քույրերի ու եղբայրների թիկունքին կանգնած ենք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































