Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկության պատկերները երբեմն-երբեմն հեղինակին հասցնում են նախորդ դարակես՝ հին կապանյան անաղարտ իրականություն

Օգոստոս 01,2025 12:41

Ասում են՝ «Նկարչի վրձինը պատմում է այն, ինչի համար բառերը քիչ են»։ Ասվածը Ուբակի (Ռուբեն Կոստանդյան) կերտած արվեստի խորաքնին բնութագրումն է։

Նրա ներկապնակում գույները բազմազան են, տարաթույր։ Դժվար է տարորոշել գերակշռողը, ամենին գերազանցողը։ Կտավներում վրձնած մետաֆորիկ գծերը միավորվում են, շունչ առնում՝ միջնորդելով բնության ու մարդու երկխոսությանը։ Ուբակի «մարդը» բնությունից ծնված՝ բնության շարունակողն է։

Նրա ստեղծագործություններում կիրքն ու կարոտը, սպասումն ու սերը, մանկությունն ու ներկան ապրում են ընկերակից միջնորդությամբ։ Տեղ-տեղ գույնն ու թույրը խտացված են, որոշ կտավներում մանուշակագույնի, դեղձանի, ճերմակի միահյուսումով զգում ես անաղարտությամբ պարուրված՝ անեղծ զգացողություններ։ Կտավներից մի քանիսում արևի ոսկին կարմիրի միահյուսումով ստեղծում է փոթորկուն հույզերի վետվետուն խաղ։

Մանկության պատկերները երբեմն-երբեմն հեղինակին հասցնում են նախորդ դարակես՝ հին կապանյան անաղարտ իրականություն, երբ քարաշեն տները դեռևս խղճուկ հյուղակներ էին, սակայն բնությունը ուներ տիեզերական մաքրություն, մարդկային հարաբերություններն անկեղծ էին ու մտերմիկ։

«Այս կտավում, ինչպես տեսնում եք, պատկերված է տքնաջան էշը՝ մեջքին կապած մի երեխա։ Երկու կամ երեք տարեկան եմ եղել,-նկարի նախապատմության մասին ոգևորությամբ ու նաև ժպիտով պատմեց նկարիչը։ -Ինձ թոկով, որ հանկարծ վայր չընկնեմ, ձիգ կապել են էշի վրա ու էդպես ժամերով մնացել եմ «էշին շղթայված»։ Գյուղացու մատից փուշ հանող չորքոտանին գնացել է, արածել, ման եկել, դե ես էլ՝ մեջքին կպած։ Ասա, որ չկապեին, ես հո էսպիսին չէի՞ մնա»,-խանդավառ հումորով մանկության մասին հիշողությունն ավարտեց գեղանկարիչը։

Ուբակի արվեստանոցը կապանցիների սիրելի վայրն է։ Տեղացիները պատմամշակութային կոթողներից զատ, հյուրերին նաև այս սրահ են ուղեկցում։ Համաքաղաքացու արարածը իսկապես հպարտանալու առիթ է տալիս։

Անխոս, ցանկացած այցելուի մոտ արվեստանոցի հարմարավետ ու սիմետրիկ դասավորությունը, պատերից կախված կտավների թեմատիկ ու երանգային ընտրությունը, ընտրված կահույքը, կահ-կարասին, կարպետները, սրահի լուսային համակարգը, մեղմ հնչող բարձրարժեք երաժշտությունը ստեղծում են արվեստի մի գողտրիկ ու յուրօրինակ զգացողություն։ Արվեստանոցը, ինչ խոսք, ստեղծագործողների համար դառնում է արարելու ներշնչանք, մյուսներին պարգևում է երանավետ խաղաղություն։

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

արձակագիր, մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031