Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Ստեղծված իրավիճակը բավականին պայթյունավտանգ է ամբողջ աշխարհի համար եւ կարող է տարածվել նույնիսկ այլ մայրցամաք»

Մարտ 03,2026 16:47 Share

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱՄՆ-Իսրայել եւ Իրան պատերազմին՝ ասաց. «Ստեղծված իրավիճակը բավականին պայթյունավտանգ է։ Ես կասեի՝ պայթյունավտանգ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ որոշ զարգացումների պարագայում այս պատերազմը կարող է տարածվել ոչ միայն ռեգիոնի երկրների վրա։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ չի սահմանափակվում միայն Իրանի տարածքով։ Որոշ տարբերակներում կարող է տարածվել նույնիսկ մայրցամաքներ։

Իրանը բավականին լուրջ պետություն է, խորքային պետություն է։ Ես նկատի ունեմ, որ իր էությամբ կայսրություն է եւ այդպիսին մնում է իր մենթալիտետով, քաղաքակրթությամբ։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք, այն, ինչ որ կա, կարծում եմ, այսբերգի երեւացող մասն է։

Եթե գնահատենք այն, ինչ տեղի ունեցավ վերջին երեք օրվա ընթացքում, իմ տպավորությամբ ամեն դեպքում պլան «A»-ն, որը ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում էին իրականացնել, ինչ-որ չափով նմանվում էր Վենեսուելայի պլանին, որտեղ ուղղակիորեն գողացան լեգիտիմ նախագահին ու կնոջը։ Եվ դրանով հարցը փակվեց, քանի որ կային պայմանավորվածություններ իշխանական էլիտայի մյուս ազդեցիկ հատվածների հետ։

Իրանի դեպքում, կարծում եմ, կար շատ արագ՝ 1-2 ժամվա ընթացքում շատ հստակ թիրախային հարվածներով, որոնք հիմնված էին ակնհայտորեն հետախուզական շատ ճշգրիտ տվյալների, չեմ բացառում նաեւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դավաճանությունների վրա, վերացնել հոգեւոր եւ քաղաքացիական ամենաբարձրաստիճան ղեկավարներին, որից հետո հույսը դրվում էր, որ երեւի թե ժողովրդի ընդդիմադիր հատվածները փողոց դուրս կգային եւ կնախապատրաստեին պետական հեղաշրջում։ Բայց մենք տեսնում ենք, որ երեք օր անցել է, սակայն ընդդիմադիր զանգվածի ելույթներ առհասարակ չկան։ Հակառակը, հոգեւոր առաջնորդի մահը որոշակի մոբիլիզացիոն էֆեկտ տվեց պրոիշխանական զանգվածին։

Պլան «A»-ն բլից-կրիգային նպատակ ուներ, որը պետք է իրականացվեր շատ արագ, գուցե առաջին 2-3 օրերի ընթացքում։ Բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ պլանը չի ստացվել, տապալվել է։ Կարծում եմ, որ հիմա փորձելու են այլ պլանների անցնել, փորձելու են շարունակել ռմբակոծությունները, հարվածել Իրանի կարեւոր ենթակառուցվածքներին եւ այդ ճնշման ներքո ստիպել Իրանի այսօրվա ղեկավարությանը՝ գնալ հիմնական թեմաների շուրջ բանակցությունների։ Խոսքը վերաբերում է միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրին»,-ասաց Վիգեն Հակոբյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031