Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք ՀՀ-ին»․ փոխնախարարը՝ ադրբեջանական ճանապարհով անասնակեր ներկրելու մասին

Նոյեմբեր 11,2025 12:30 Share

«Ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք ՀՀ-ին»,-հարցին՝ ինչո՞ւ է ադրբեջանական ճանապարհով Ղազախստանից Հայաստան եկել չորրորդ կարգի ցորեն, որն օգտագործվում է որպես անասնակեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ չի ներկայացվել, որ անասնակեր է գալու, նա պատասխանեց․ «Ինչ-որ մեկը կարգ է ներկայացրե՞լ մինչև այդ, լո՞ւրջ, որտե՞ղ է գրված։ Ասել են՝ ցորեն է գալիս»։

Լրագրողների դիտարկմանը՝ բայց չեն ասել, որ անասնակեր է գալու, փոխնախարարն արձագանքեց․ «Իսկ ասել են, որ ուրիշ ցորե՞ն է։ Իսկ էդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չէ՞, ցորենը ցորեն չէ՞։ Կենդանին, որ ուտում է, հետո մեզ կաթ կամ այլ բան չի տալի՞ս։ Ինչի՞ պետք է նշվեր»։

Լրագրողներն ասացին՝ էկոնոմիկայի նախարարն անգամ քննարկում էր, թե կարող է հացի գինը նվազի․ «Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է։ Եթե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձր որակի ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, հնարավոր է նաև գնիջեցում լինի»։

Լրագրողների դիտարկմանը՝ անասնակերի համա՞ր էր այս աղմուկը, թե՞ ցորենի, փոխնախարարն ասաց․ «Աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին էր բարձրացված չգիտեմ՝ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից։ Դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվելու է»։

Լրագրողներն ասացին՝ եթե ղազախական կողմը չհայտներ, որ 4-րդ կարգի ցորեն է գալիս, հայկական կողմը կբացահայտե՞ր, Էդգար Զաքարյանը պատասխանեց․ «Չեմ տիրապետում՝ ով է առաջինը բարձրաձայնել, բայց ինվոյսներով եկող բան է»։

Լրագրողների կարծիքով՝ առաջին խմբաքանակը գալիս է անասնակեր, ոչ թե ցորեն, բայց այնպիսի օրակարգ էր ստեղծվում, որ հացի խնդիր կար, ճանապարհները բացվեցին, փոխնախարարը պատասխանեց․ «Հացի խնդիր չկա։ Սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է»։

Հարցին՝ ցորենի երկրորդ խմբաքանակը որ եկել է, նորմա՞լ ցորեն է, նա պատասխանեց՝ ռուսականը նորմալ ցորեն է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930