Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ. Փաշինյանին պատարագ մատուցած «շրջիկ» քահանան՝ սկանդալային  տեսանյութի մասին

Դեկտեմբեր 12,2025 14:36 Share

Գյումրու Յոթ վերք եկեղեցում դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին «պատարագ» մատուցած Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ համացանցում վերջին օրերին շրջանառվող տեսանյութում, որտեղ ինքը ծխում է, իսկ հետեւում կիսամերկ պարուհի է, չի եղել ստրիպտիզ ակումբում, ինչպես ներկայացվում է  համացանցում:

-Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ,- մեզ հետ զրույցում հարցրեց քահանան, ապա շարունակեց,- դա Էջմիածնի ռեստորաններից մեկում է, որտեղ հրավիրված եմ եղել, իմ հարազատների հետ մասնակցել եմ 2024 թվականի Նոր Տարվա միջոցառմանը գիշերը 12-ին եւ ծննդյան 35-ամյակի արարողությանը: Որ ուշադիր լինեիք, կիմանայիք՝ ինչի մասին է խոսքը: Իսկ այս մանիպուլյացիաները, որ արել են, ուղղակի անհարկի մարդուն նեղացնել է նշանակում: Եթե մի բանը ստույգ չգիտեք, պետք չէ այդքան տարածեք ու մարդու հեղինակության հետ խաղ անեք:

Ինչ վերաբերում է սեղանի խմիչքին, աշխարհիկ միջավայրին, որտեղ ինքն էր, նա շարունակեց. «Խմիչք տեսե՞լ եք իմ ձեռքը: Եթե գնում եք միջոցառման, ձեր սեղանից հավաքո՞ւմ են խմիչքը»:

Քանի որ այդ տեսանյութում Տեր Մկրտիչը ծխում էր, նրանից  հետաքրքվեցինք՝ որպես հոգեւորական ծխելը մեղք չէ՞, ի պատասխան նա ասաց. «Բոլորն էլ ծխում են: Ներող եղեք, բայց չեմ պատասխանում էլ ձեր հարցերին, որքան պետք էր, պատասխանեցի: Աստված ձեզ պահապան, խելք, շնորհք մեր ազգին՝ բոլորիդ: Թող Աստված բոլորիս ընտանիքներին առողջ ու անփորձանք պահի ու մի քիչ խելք տա մեր լրագրողներին ու ընդհանրապես ժողովրդին, որ հասկանան՝ ինչ են ասում մարդուն ու ինչի մեջ են մեղադրում»:

Մեր դիտարկմանը, թե Յոթ Վերքում Փաշինյանին պատարագ մատուցելուց հետո նա ասոցացվում է որպես իշխանության «շրջիկ» քահանա, Տեր Մկրտիչը կարճ հավելեց. «Եթե այդպես են համարում, թող այդպես համարեն: Իմ կյանքն ու գործունեությունը ինչ որ կա, կա, բոլորը տեղյակ են իմ կյանքից ու գործունեությունից, ամեն  ինչից, կարող եք գալ հարց ու փորձ անել էջմիածնեցիներից: Շնորհակալություն, հաջողություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031