Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»․ Տեր Հայկ

Հունվար 25,2026 16:10

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում այսօր կատարվածին, ասաց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։

Այսօր, երբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի պատարագի էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նկատել էին, թե ինչպես է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում զրուցում Տեր Հայկի հետ։

Սուրբ ծննդյան պատարագի օրն էլ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն էր հայտարարել, որ տեր Հայկը չի մտնելու եկեղեցի։

Տեր Հայկից հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ Ձեզ այսօր չէին խոչընդոտում մուտք գործել եկեղեցի, բայց այն պայմանով, որ զեղչեք Վեհափառի անո՞ւնը, նա պատասխանեց՝ այո ու ասաց․ «Ես օծվել եմ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ իբրև քահանա և պիտի կատարեմ այն ծեսը, որը Մայր Աթոռի կողմից հաստատված է։ Իսկ Հայրապետի անունը զեղչելն արդեն իսկ կանոնական չէ»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ էր նման բան ասողը, տեր Հայկը պատասխանեց․ «Եկեք այդ մի հարցին չպատասխանեմ, հարցը այդպես էր դրված։ Ինչևիցե։ Ես էլ չեմ կարողացել այդպես անել և պատարագը մատուցել եմ Մաստարայում, Հայրապետիս անունը հիշատակել եմ, առաջնորդ սրբազան հոր անունը հիշատակել եմ»։ Հարցին՝ քանի որ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում պատարագին, դրա՞ համար էին պահանջում, որ Վեհափառի անունը զեղչեք, տեր Հայկը պատասխանեց՝ այո։

Նշենք, որ ի վերջո Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պատարագ է մատուցել կարգալույծ քահանան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031