«Ռուսաստանի հետ կապված ոչ մի խնդիր չկա, հանգիստ եղեք։ Բացարձակ խնդիր չկա»,- փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցից հետո հայ գործարարները խնդիրներ ունեցան, որոշվեց արգելել որոշ ապրանքների արտահանումը ՌԴ և հարցին՝ սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ խնդիրներ կան, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողները նաև հարցրին՝ իսկ ինչո՞ւ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկներ անում, թե հնարավոր է գազի գինը թանկանա, Ռուբեն Ռուբինյանն այս հարցերից վրդովված ասաց․ «Ինչի՞ պետք է գազի գինը թանկանա։ ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել։ Նկատի ունեք, որ ՌԴ-ն ինչ-որ պայմանավորվածություններ չպիտի կատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի՞ համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցները»։
Հիշեցնենք` ապրիլի 1–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը մատնանշել էր Հայաստանի համար ռուսական գազի գնի և Եվրոպայում գազի գնի մեծ տարբերությունը:
Հետո Ռուբինյանն ասաց․ «Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ ԶԼՄ-ներին։ Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Ձեր մայրը եղել է խմբագիր և խնդրեցին հարգել նրա հիշատակը և չթիրախավորել լրագրողներին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Խնդրում եմ ձեզ պահել դաստիարակված»։ Լրագրողն արձագանքեց՝ ես դաստիարակված եմ ու նաև Ձեր մայրիկի մոտ եմ դաստիարակվել, Ռուբինյանն այս առիթով ասաց․ «Ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը Ձեզ, քանի որ ոչ մի դաստիարակված մարդ երբեք որևէ մարդու չի ասի՝ հարգեք Ձեր մոր հիշատակը։ Ցավում եմ, որ իմ մայրիկը Ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»։
Լրագրողների կողմից հնչեց առաջարկ դադարեցնել ճեպազրույցը, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Բոլոր այն լրագրողները, որոնք ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել, ես բացարձակ չեմ նեղվի»։
Լրագրողներն էլ ի պատասխան ասացին՝ մենք էլ Ձեզ խնդրում ենք այս դաշտը լքել, Ռուբինյանն արձագանքեց՝ դուք չեք որոշում․ «Որոշում է ժողովուրդը, ու նաև վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որ լրատվամիջոցները ստիպված լինեն հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները»։
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































