Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ի հիմնադիրները վճռական են տրամադրված եղել՝ ուշադրությունը սևեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրությանը ծառայելու գործին. Սեմ Սիմոնյան

Ապրիլ 15,2026 11:25 Share

ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի ուղերձը՝ ՀԲԸՄ-ի 120-ամյակի կապակցությամբ

Այսօր լրանում է ՀԲԸՄ-ի հիմնադրման 120-ամյակը։ Եվ ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մեր համաշխարհային ջանքերը՝ հարգանքի տուրք մատուցելու յուրաքանչյուր առաջնորդի, կամավորի, նվիրատուի ու աջակցի, որն իր ներդրումն է ունեցել այս բացառիկ կազմակերպության կերտման գործում՝ հիմնված իմաստության, կարեկցանքի և հայկական ոգու ուժի հանդեպ հավատքի վրա։

Այն, ինչ սկիզբ առավ 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի Կահիրե քաղաքում՝ մի ժողովասրահում, այսօր վերաճել է աշխարհում ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության. անուն, որին ծանոթ են աշխարհի բոլոր հայերին ու որը վայելում է նրանց վստահությունը։

Այս տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր հիմնադիրների տեսլականին ու հանձնառությանը, այն է՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և մարդասիրական ծրագրերի միջոցով բարելավել աշխարհասփյուռ հայության կյանքը՝ վերջնանպատակը դարձնելով ողջ հայության բարգավաճումն ապահովելը։

Պետք է նշեմ նաև, որ հիմնադիրները վճռական են տրամադրված եղել՝ զերծ մնալու քաղաքական որևէ պատկանելությունից և ուշադրությունը սևեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրությանը ծառայելու գործին։ Այս ոգին իր արտացոլումն է գտել նրանց կարգախոսի մեջ՝ «Միությունը զորություն է», որը սերունդներից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ հայերի հզորացման բանալին տեսակետների, համոզմունքների, տնտեսական կարգավիճակի կամ ծագման բազմազանությունն ընդունելն ու այդ ամենը բոլորին միավորող նպատակին ծառայեցնելն է։

Ճշմարտությունն այն է, որ ՀԲԸՄ-ի հիմնադիրներն իրենց առաջին բարեգործական առաքելությունն իրականացնում էին անհատների համար, որոնց երբեք անձամբ չէին հանդիպել՝ համիդյան վարչակարգի ծանրության ներքո ճնշումների ենթարկված օսմանյան հայերին։ Սակայն ՀԲԸՄ-ի գործունեությունն արտացոլող պատմությունն արագորեն տարածվեց սահմաններից ու օվկիանոսներից անդին՝ արձագանք գտնելով այն հայերի շրջանում, որոնք նույն կարեկցանքի զգացումն ու հնարավորություններն ունեին միանալու այդ առաքելությանը։

Տարեցտարի, տասնամյակից տասնամյակ, ՀԲԸՄ-ի ներկայությունն աճեց ու տարածվեց՝ ձևավորելով տեղական կազմակերպություններից բաղկացած գլոբալ ցանց, որը յուրաքանչյուր տարի ձեռք է մեկնում 30-ից ավելի երկրներում ապրող 500,000-ից ավելի հայերի։ Մենք ծանրակշիռ դեր ենք ունեցել ու առանցքային ռեսուրսներ տրամադրել ճգնաժամերի ժամանակ։

Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն մեր նվիրումն անսասան է։ Դա մեզ թույլ է տալիս առաջնորդել նպատակային, գործել արդյունավետ և մարտահրավերների մեջ գտնել հնարավորություններ։ Համաշխարհային պատերազմների, տեխնոլոգիական հեղափոխությունների, փոփոխվող ժողովրդագրության, վերաձևվող քարտեզների ու քաղաքական վերադասավորումների պայմաններում ՀԲԸՄ-ն հաջողում է շարժվել ժամանակին համընթաց։

Մեզ բաժին է հասել մի ժառանգություն, որով անսահման հպարտ ենք, սակայն երբեք չենք թուլացնում մեր զգոնությունը, քանզի աշխարհը փոփոխվում է առավել արագ, քան երբևէ, իսկ անորոշությունն այսօր պարտադրում է, որ մեկ քայլ առաջ մտածենք վաղվա օրվանից։

Հուսով եմ՝ դուք կոգեշնչվեք այն ամենով, ինչ ՀԲԸՄ-ն արել է բազմաթիվ վայրերում ապրող այդքան մեծ թվով հայերի համար՝ աջակցելով նրանց բազմապիսի հարցերում։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր նվիրատուներից, կամավորներից ու անձնակազմի անդամներից յուրաքանչյուրին՝ անցյալ ու գալիք սերունդների հոգում հայկական ոգու կրակը վառ պահելու համար։

Անկեղծ երախտագիտությամբ և գնահատանքով՝

Սեմ Սիմոնյան
ՀԲԸՄ նախագահ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:

 ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930