Ապրիլի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է «Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳ նախարարության և Ոստիկանության շուրջ» խորագրով սեմինար-քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով բազմակողմ քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն վերհանել խնդիրներ, այլև ներկայացնել անհրաժեշտ պարզաբանումներ՝ ապահովելով առավել ամբողջական պատկերացում ոլորտային գործընթացների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման մեխանիզմներին, նախարարության ռազմավարական հաղորդակցությանը, ՆԳՆ կրթահամալիրում ծառայողների պատրաստման գործընթացին, կարողությունների զարգացմանը և ոլորտային այլ ուղղություններին։
Արփինե Սարգսյանը պատասխանել է նախարարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող հարցերին՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում (AEGIS)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:
ՀՀ ներքին գործերի նախարարություն

















































