Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել. Factor.am

Ապրիլ 15,2026 23:50 Share

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս ֆեյսբուքում գրառում էր կատարել և հայտնել, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրում է կատարվել։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, թե 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են, բայց պատճառների մասին ոչինչ նշված չէ։

«Ուզում էի տեղեկանալ՝ դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմություն»,- Արարատ Միրզոյանին ուղղված հարցադրում էր արել Թաթուլ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Հայ կուրսանտին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցին դատապարտվեց ցմահ ազատազրկման Հունգարիայում, սակայն 2012-ին արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց և նա հերոսացվեց։ Հունգարիայի այս քայլից հետո Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։

Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր գրառմամբ ըստ էության ակնարկում է, որ այս դրվագն է հեռացվել ՀՀ ԱԳՆ կայքից։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին և խնդրել պարզաբանել՝ արդյոք ՀՀ ԱԳՆ կայքի «Երկկողմ հարաբերություններ» բաժնում Հունգարիայի էջում խմբագրումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ։ Գերատեսչությունից փոխանցել են․«Ի պատասխան ձեր հարցման, ընդգծենք, որ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ Հունգարիայի հետ հարաբերությունների մասին բաժնում Ձեր կողմից նշված խմբագրումը երբևէ չի կատարվել. ԱԳՆ պաշտոնական կայքէջի 2019, 2022 և 2023 թվականների արխիվից ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս, որ նշյալ տարիներին որևէ տեքստ չի հեռացվել (հարաբերությունների կասեցման պատճառների նշում չի էլ եղել). միայն ավելացվել է ՀՀ ԱԱԽ որոշմամբ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին տեղեկությունը: Հակառակի մասին պնդող կամ ակնարկող գրառումների հեղինակները, հուսանք, ոչ միայն զերծ կմնան կեղծ թեզերի տարածումից, այլև հանրային գրառմամբ կհերքեն իրենց իսկ ստեղծագործած թյուրիմացությունը»։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930