Նիկոլ Փաշինյանը շատ սրամիտ նախընտրական կարգախոս է հորինել՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը»։ Բանն այն է, որ այդ թվացյալ խաղաղությունն ընդամենը հայկական կողմի ծանր պարտության, սեփական իրավունքների համար պայքարից հրաժարվելու և ամենօրյա նվաստացումների արդյունք է, հետևաբար՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսն իրականում նշանակում է «տեր կանգնիր քո պարտությանն ու նվաստացումներին»։ Այլ կերպ ասած՝ «ընտրիր մեզ, թե չէ ոչ մի խաղաղություն էլ չի լինի, և Ադրբեջանը սեպտեմբերին կհարձակվի»։
Ի դեպ, մի քանի օր առաջ ընդհանուր հաշվով 20 գլուխ «քաղհասարակություն» Հայաստանից գնացել էր Ադրբեջան, ու վերադառնալուն պես սրանցից մեկն արտասանեց այն առանցքային նախադասությունը, որի համար էլ երևի կազմակերպվել էր այդ այցը․ «Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց դրանից»։ Պարզ ասած, մարդը պարտաճանաչ տեղ է հասցնում Բաքվի ուղերձը․ «կընտրեք Նիկոլին՝ խաղաղության գործընթացն ապագա կունենա, չեք ընտրի՝ չի ունենա»։ Համաձայնվեք՝ այսպիսի նախընտրական աջակցության համար արժեր Բաքու ուղարկել թեկուզ 200 գլուխ «քաղհասարակություն»։
Բայց Բաքվից մեր «քաղհասարակության» միջոցով հայ ժողովրդին հղված «տե՛ր կանգնեք ձեր պարտությանն ու նվաստացումներին, ընտրե՛ք Նիկոլին» ուղերձը միայն կարճաժամկետ աջակցություն չէ։ Ի վերջո՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նպատակ ունի 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնել ՀՀ տարածքում, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի է դիմելու ընտրություններից հետո (եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի)։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































