«Ընտրողները ստիպված էին ընտրություն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ տնտեսական քայլերի և հետագա բացասական հետևանքների վերաբերյալ ամենօրյա սպառնալիքներով»,- Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յանեշ Լենարչիչը։
Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ ընտրությունները լավ կազմակերպված էին, քարոզարշավը՝ խիստ բևեռացված և առճակատային՝ ուղեկցվելով պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։ Ըստ Յանեշ Լենարչիչի՝ ՀՀ ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն մասնագիտական, պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված ընտրական գործընթացի շնորհիվ։
Անդրադառնալով իրավական խնդիրներին՝ նա նշեց․ «Մեր ընդհանուր գնահատմամբ՝ իրավական շրջանական ապահովում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ամուր հիմք։ 2021-ի ընտրություններից ի վեր արձանագրվել են դրական փոփոխություններ, սակայն ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը դեռ չեն իրականացվել»։
Խոսելով ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին՝ Յանեշ Լենարչիչն ասաց․ «Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համատարած չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդները ստացել են բազմաթիվ հաղորդումներ ընտրողների՝ այդ թվում հանրային ծառայողների ճնշումների և խրախուսումների վերաբերյալ քարոզչական միջոցառումների մասնակցելու նպատակով՝ այդ թվում հենց իշխող ուժի կողմից։ Վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումների հետ միասին էլ ավելի շահեկան դիրքում է դրել իշխող կուսակցությանը։ Մեր երկարաժամկետ դիտորդները Երևանից և մարզերից ստացել են հաղորդումներ, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։ Այս հաղորդումները վերաբերում էին ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, հետաքննություններին և կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա մասնակցելու ընդդիմության կողմից նախաձեռնված միջոցառումներին»։
Կարդացեք նաև
Ըստ դիտորդական առաքելության ղեկավարի՝ լրատվամիջոցների մեծ մասը տարածել է փոխադարձ մեղադրանքներ և քարոզչական պառակտիչ հռետորաբանություն․ «Ծրագրերի, բովանդակության վերլուծությունը սահմանափակ է եղել, հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է իր հանրային առաքելությանը։ Որոշ մասնավոր ԶԼՄ-ներ ցուցաբերել են հակառակ միտումը՝ կառավարությանը ներկայացնելով բացասական լույսի ներքո՝ առավելապես դրական լույսի ներքո ներկայացնելով ընտրված ընդդիմադիր մրցակիցներին»։
Դիտարկմանը՝ խոսեցիք արտաքին ազդեցությունների մասին և հարցին՝ ո՞ր երկրներից են դրանք եղել, Յանեշ Լենարչիչը պատասխանեց․ «Մեր զեկույցում, որը կներկայացնենք ձեզ, նշված է, որ մի կողմից դիտարկել ենք արտաքին ճնշումը, մյուս կողմից արտաքին միջամտությունը։ Արտաքին ճնշում մենք նկատել ենք առևտրի սահմանափակման քայլերով՝ հատկապես ՌԴ-ի կողմից, նախքան քարոզարշավի մեկնարկը բավականին ահագնացող կերպով։ Սա ուղեկցվել է տարբեր պաշտոնյաների կողմից ելույթներով, որոնք վտանգի տակ են դնում և սպառնում ՀՀ ինքնիշխանությանը։ Մյուս կողմից մենք գրանցել ենք նաև բարձր մակարդակի այցեր և միջամտություն ինչպես ԵՄ պաշտոնյաների, այնպես էլ ԱՄՆ տարբեր պաշտոնյաների կողմից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































