Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին գիշերը ժամը 3․30-ին երկամսյա կալանքի են ենթարկել։ Նրա կինը՝ Անգին Մալխասյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այդպես էլ չհասկացավ թե որն էր պատճառը և ինչ ձայնագրություններ են հայտնվել համացանցում։
Ըստ նրա, ամուսնու կալանքն անհիմն է, նպատակը մեկն է՝ նրան ընտրությունների օրը մեկուսացրեցին, քանի որ վստահ էին՝ Կարապետը կարող ուժ է։
Անգին Մալխասյանը նշում է՝ ԱԱԾ-ականները սկզբում խուզարկել են իրենց տունը, այնուհետ փաստաբան Հայկ Հարությունյանի մասնակցությամբ՝ խուզարկել են Կարապետ Պողոսյանի գրասենյակը, ոչինչ չեն հայտնաբերել, սակայն տան հոգեպահուստը, ապրուստի ծախսը, որը մեծ գումար չէ, այդ թվում սկեսրոջ թոշակը առգրավվել ու տարել են։
Կարդացեք նաև
«Առավոտյան ժամը 5-ն էր, դուռը թակեցին, 4 հոգով ներս մտան, 3-ը ԱԱԾ-ական ներկայացան, մեկը վարորդն էր, երկու մեքենայով էին եկել։ Երեք աղջիկ ունենք, սարսափահար վեր թռան քնած տեղից, Կարապետին էլ արթնացրինք ու որպեսզի սկսեն խուզարկություն տանը, երեք աղջիկ երեխաներին վերցրեցի, տարա մեքենայի մեջ նստեցրեցի։
ԱԱԾ-ականները առգրավել էին Կարապետի հեռախոսը, տան ծախսի գումարը, նույնիսկ խուզարկել էին երեխաների դարակները, պայուսակները․ գրքերը թափ տալով՝ ամենայն հավանականությամբ գումար էին ման գալիս։ Երեխայի վինետկայի փողն անգամ առգրավեցին, տարան, երեխաս 60 հազար դրամ էլ դպրոցն ավարտվելու կապակցությամբ նվեր էր ստացել հարազատներից, դա էլ առգրավեցին, տարել են անգամ սկեսրոջս թոշակը։ Առգրավվել են տան «Տիր» խաղալիք հրացանը, տան տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։
Երեխաների հորը, որ տանում, կալանավորում են, տան ծախսի գումարն էլ առգրավում են, ինչո՞վ պիտի յոլա գնանք, ինչո՞վ պիտի պահեմ էդ երեխաներին, մեծ դուստրս էլ դիմորդ է։
Մեր հոգեպահուստը լրիվ տարել են, սկեսրոջս թոշակն էլ հետը, այն դեպքում, երբ սկեսուրս ու Կարապետը ամսական առնվազն 30-40 հազար դրամ գումար դեղերին փող են տալիս։ Կարապետին ձերբակալեցին՝ չթույլատրելով անգամ դեղերը վերցնի, որոնք ինքն ամեն օր օգտագործում է։ Ես չգիտեմ՝ հիմա նա ինչ վիճակում է։
Գիշերը 3․30 դատարանը որոշում է կայացրել նրան երկամսյա կալանքի ենթարկելու։
Կարծես ընտանիք էր ոչնչացրել, հանցագործի էին բռնել, որին գիշերվա կեսին կալանավորում էին։ Կարապետն այժմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում է», -ասաց Անգին Մալխասյանը։
Նա ասաց՝ իրենց դեռ ոչ մի թուղթ չի տրամադրվել, որ հասկանա՝ ինչ հիմքով են Կարապետին ձերբակալել, ապա կալանավորել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































