Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին լրատվականի» քաղաքական մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը, գտնվելով Երևանի Սարյան փողոցում անցկացվող Գինու փառատոնի տարածքում, ենթարկվել է ֆիզիկական և քաղաքական բնույթի հարձակման. հայտարարություն

Հունիս 07,2026 09:29 Share

Երեկ ժամը 21:20-ի սահմաններում, 1in.am «Առաջին լրատվականի» քաղաքական մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը, գտնվելով Երևանի Սարյան փողոցում անցկացվող Գինու փառատոնի տարածքում, ենթարկվել է ֆիզիկական և քաղաքական բնույթի հարձակման։

Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը, ռուսախոս առոգանությամբ հայհոյանքներ հնչեցնելով, քաղաքական շարժառիթներով հարվածներ է հասցրել Ժիրայր Ոսկանյանին։ Դեպքը տեղի է ունեցել բազմամարդ վայրում՝ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ։

Դեպքից անմիջապես հետո Ժիրայր Ոսկանյանը դիմել է դեպքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին և ներկայացրել կատարվածի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հարձակման մեջ կասկածվող անձին, սակայն նրան հեռացրել են տուժողի և ներկաների տեսադաշտից, ինչից հետո պարզվել է, որ վերջինս ազատ է արձակվել՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի, ներառյալ՝ հնարավոր քրեադատավարական կարգավիճակի հստակեցման և համարժեք դատավարական գործողությունների իրականացման։

Մենք խորապես մտահոգված ենք, որ ընտրական գործընթացներին ուղեկցող ատելության, անհանդուրժողականության և քաղաքական թշնամանքի մթնոլորտը Հայաստանում գնալով ավելի վտանգավոր է դարձնում լրագրողների նույնիսկ ներկա գտնվելը հանրային և մարդաշատ վայրերում։

Լրագրողի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնությունը ոչ միայն հարձակում է կոնկրետ անձի, այլև՝ խոսքի ազատության, մամուլի անկախության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Նման դեպքերի նկատմամբ անգործությունը կամ ոչ համարժեք արձագանքը կարող են ստեղծել անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից՝

անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնել,

ապահովել դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտումը,

տալ կատարվածին համարժեք քրեաիրավական գնահատական,

և բացառել քաղաքական կամ այլ շարժառիթներով բռնության ցանկացած դրսևորման անպատժելիությունը։

Կոչ ենք անում նաև մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների անվտանգության և մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել այս միջադեպը և հանդես գալ լրագրողի մասնագիտական իրավունքների պաշտպանության դիրքերից։

Մեր տրամադրության տակ առկա են դեպքի վերաբերյալ տեսագրություններ և այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն համապատասխան մարմիններին։

Խոսքի ազատության, լրագրողների դեմ բռնությունը չի կարող դառնալ քաղաքական պայքարի ընդունելի գործիք։

 

1in.am «Առաջին լրատվական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930