Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավարը, երկրի թիվ 1 պաշտոնյան ասաց. «Խոսում էինք ավիատոմսերի գների մասին՝ 15-20 եվրո, էս ընթացքում ինձ ուղարկեցին սքրինշոթեր, որ կիրակի օրվա համար 2 եվրոյով տոմս կա Լառնակա: Այսինքն` մեր թոշակառուները 900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կա, խոսքը երկկողմանիի մասին ա, չէ՞, չէ՞, ա դե համը հանում են (ծիծաղում է-խմբ.), լավ, միակողմանի, այսինքն՝ ապրիլից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա աբրատնը տոմս առնի»:
Խոսքը wizzair ավիաընկերության առաջարկի մասին էր, որը ցածր գնային քաղաքականություն վարող հունգարական ավիաընկերություն է՝ հիմնադրված 2003 թվականին: Այդ ընկերությունը թռիչքներ է իրականացնում ավելի քան 50 երկրներում՝ հիմնականում եվրոպական եւ մերձեվրոպական՝ Մերձավոր Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Կովկաս:
Ցածր գնային քաղաքականություն վարող ավիաընկերությունները տոմսերը բավականին մատչելի են վաճառում, սակայն փոխարենն ամեն ինչ անում են այլ կերպ գումար աշխատելու համար: Մասնավորապես՝ նստելատեղն ընտրելը, ինքնաթիռում սնունդը, ուղեբեռը վճարովի են: Ինչպես նաեւ հաճախ մի ուղղությամբ տոմսն անհամեմատ ավելի մատչելի է լինում, քան հակառակ ուղղությունը, այդպես հավասարակշվում է գնային քաղաքականությունը: Օրինակ, եթե ինչ-որ մի պահի Երեւան-Վենետիկ տոմսը հնարավոր է գնել 20-25 եվրոյով, ապա Վենետիկ-Երեւան հետադարձը գուցե արժենա 150 եվրո: Սակայն, ընդհանուր առմամբ, դեպի Եվրոպա, մինչեւ վերջին պատերազմը նաեւ՝ դեպի ԱՄԷ, հնարավոր էր այդ ավիաընկերության միջոցով շատ մատչելի ճամփորդություններ կազմակերպել:
Կարդացեք նաև
Այս եւ ցածր գնային քաղաքականությամբ (low-cost) այլ ընկերությունները մեկ այլ մարքեթինգային առանձնահատկություն էլ ունեն՝ տոմսերի գները շատ արագ են փոփոխվում: Եթե այս պահին տոմսն արժե, ասենք, 15 եվրո, ուշ երեկոյան կամ հաջորդ օրը գուցե արդեն դարձած լինի 40 կամ ավելին:
Հենց երեկ վարչապետի բերած օրինակի հիման վրա նայեք ներքեւում բերածս սքրինշոթերը: 2 դոլարով (800 դրամից էլ պակաս) հնարավոր էր գնել Գյումրի-Լառնակա տոմսը մի քանի ժամ առաջ, իսկ հիմա այդ նույն տոմսը այս նյութը գրելուս ընթացքում վաճառվում է 49 դոլարով (գրեթե 19 հազար դրամ):
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե ապրիլից իրենց բարձրացրած թոշակի մասով (խոսքը 10 հազար դրամի մասին է) հնարավոր է հինգ հատ երկկողմանի տոմս գնել, ապա դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ երբեք մի կողմի արժեքը չի նշանակում, որ հետադարձն էլ նույն գինն ունի: Ինչպես տեսնում եք ներքեւի սքրինշոթում՝ Լառնակայից դեպի Գյումրի ամենամոտ ժամանակում հետադարձը՝ ապրիլի 23-ին, կարժենա 24 դոլար: Երեկ, երբ Գյումրի-Լառնակա տոմսն արժեր 2 դոլար, Լառնակայից վերադարձն արժեր 20 դոլար: Այսինքն՝ անգամ երեկվա չափազանց մատչելի գներով երկկողմանի տոմսը դեպի Լառնակա արժեր 22 դոլար (մոտ 8300 դրամ), այսինքն՝ միայն մի հոգու համար կարելի էր գնել տոմս 10 հազար դրամով, իսկ այսօր արդեն այդ երկկողմանի տոմսն արժե 73 դոլար (մոտ 28 000 դրամ):
Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում որեւէ տեղ մեկնելը: Դու չես կարող որեւէ ճամփորդություն պլանավորել՝ միայն տոմսի գնի մասին մտածելով: Պետք է մտածել նաեւ տվյալ վայրում գիշերակացի եւ սննդի մասին: Ամենահայտնի երկու հարթակներում՝ booking-ում եւ airbnb-ում փնտրեցինք Լառնակայի ամենաէժան կացարանները՝ ապրիլի 19-23-ը:
Booking-ով ամենամատչելի կացարանը մեկ հոգու համար այդ չորս գիշերների համար արժեր 30 հազար դրամ՝ շատ ցածր ռեյտինգով մի հոսթելում վեց տեղանոց խառը սենյակում (հոսթելի «խառը» սենյակը նշանակում է, որ այդտեղ կարող են գիշերել առանց սեռային տարբերակման) մեկ քնելատեղը՝ երկհարկանի մահճակալում:
Իսկ airbnb-ով ամենամատչելին 88 եվրո (մոտ 40 հազար դրամ) էր՝ չորս գիշերվա համար: Այդ գնով հնարավոր է վարձակալել հյուրընկալի տան հյուրասենյակի մի հատվածը՝ առանձնացված վարագույրով: Այստեղ գոնե հնարավոր է օգտվել ընդհանուր խոհանոցից:
Եթե գումարենք չորս օրվա համար նաեւ սննդի եւ տրանսպորտի ծախսերը (դեպի Գյումրիի օդանավակայան եւ հետ, Լառնակայի օդանավակայանից դեպի քաղաք եւ հետ), պիտի ընդունենք, որ թոշակառուի մեկ ամսվա ԱՄԲՈՂՋ թոշակը հազիվ բավարարի այս ճամփորդությանը, այն էլ այն դեպքում, եթե երկկողմանի տոմսը գնվեր երեկվա հազվագյուտ՝ 8300 դրամ գնով:
Եվ, ի վերջո, չմոռանանք, որ Կիպրոս այցելության համար ՀՀ քաղաքացիները պետք է վիզա ունենան: Վիզաների համար հերթագրումը եւ ստացումը մի քանի շաբաթվա, եթե ոչ՝ ամիսների հարց է: Վիզաների համար նաեւ պետք է վճարել՝ 35 եվրո վիզայի եւ 7000 դրամ՝ վիզաների կենտրոնի ծառայության համար:
Ստացվում է, որ վարչապետի առաջարկն ընդունելի էր միայն արդեն իսկ Կիպրոսի կամ Շենգենյան գոտու վիզա ունեցող գյումրեցի թոշակառուի համար (Հայաստանի մյուս կետերից Գյումրի հասնելու գինը Գյումրի-Լառնակա տոմսի արժեքից հաստատ բարձր կլիներ), այն էլ, եթե հենց այդ պահին, հենց այդ գնով գներ տոմսը, այն էլ՝ 10 հազար դրամով կգներ ոչ թե «հինգ հատ տուդա-աբրատնը», այլ միայն մեկ երկկողմանի տոմս:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ



























































