«Հակակոռուպցիոն կոմիտեում 44 մեղադրյալի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 21-ի նկատմամբ տնային կալանքը։ Քննչական կոմիտեում 12 անձի նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը, 12 անձի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը։ Ձերբակալման վերաբերյալ տվյալներ այս պահին առկա չէ»,- ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։
Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչպես հայտնի է՝ նախաքննությունները սովորաբար տևում են ամիսներ, անգամ տարիներ, սակայն նախընտրական ենթադրյալ հանցագործություններին վերաբերվող նախաքննությունները տևում են մի քանի օր, և գործերը արագ ավարտվում և ուղարկվում են դատարան։ Փաստաբանները դժգոհում են, որ չի իրականացվում օբյեկտիվ և անմիջական քննություն և իրենց կողմից ներկայացված միջնորդությունները մերժվում են, այդ թվում նաև՝ դատաձայնագրային։ Այսինքն՝ փորձաքննությամբ չի հաստատվում՝ արդյոք տվյալ ձայնագրությունը մոնտաժված և կոնտեքստից կտրված է, համապատասխանում է արդյոք տվյալ անձի ձայնային հատկանիշներին և ի վերջո իրական է, թե ԱԲ-ով սարքած։
Հարցին՝ չե՞ք կարծում, որ նշված անհասկանալի շտապողականության և առանց կարևորագույն փորձաքննություների իրականացման պայմաններում գործերի անհապաղ դատարան ուղարկելու հանգամանքն ուղղակիորեն վկայում է արհեստական իմիտացիա ստեղծելու մասին, թե իբր բազմաթիվ քրեական գործեր են առկա ընտրակաշառքների վերաբերյալ, Ծովակ Մնացականյանը պատասխանեց․ «Վարույթն իրականացնող մարմնից քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է, որ իրականացված նախաքննության որ պահին վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում քննիչը, ձեռք բերված ապացույցները գնահատում է բավարար, հավական համարի դրանց համակցությամբ մեղադրական վերդիկտի կայացումը, դա արդեն իսկ շեմ է, որ քննիչը պետք է քրեական վարույթով կազմի մեղադրական եզրակացություն և նյութերի հետ փոխանցի դատախազին։ Մենք պետք է տարանջատենք հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ ժամկետների ընթացքը։ Ունենք ողջամիտ ժամկետներում գործերի քննության սկզբունքի պարտադիր պահպանության խնդիր, և հանցատեսակներ կան, որոնցով վարութային գործողությունների ծավալը կամ ժամանակային առումով երկարաձգումները քննության առարկայի պարզման համար մեծ հաշվով՝ շատ բան չեն փոխելու։ Եթե ընտրական հանցագործություններն իրենցով քննության առարկայի ապացուցման համար պահանջում են մի քանի վարութային կամ քննչական գործողություններ, և քննիչը մի քանի վարութային գործողությունների կատարմամբ բավարար տվյալներ է ձեռք բերում և կարծում, որ դրանց համակցությունը մեղադրական վերդիկտի կայացման հավանականությունն ավելի քան հավանական է, կազմում է մեղադրական եզրակացություն։ Ես կարծում եմ՝ ընտրական հանցագործությունների պարագայում սա է այն բանալին, որով պետք է առաջնորդվենք, որովհետև ժամանակային առումով, եթե քննիչը գտնվում է՝ բավարար են արձանագրված միջոցները, ապա ժամանակ ձգելու որևէ իմաստ չկա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ փաստաբանների միջնորդություննե՞րն ինչու են մերժվում, ձայնագրությունները փորձաքննությունների չեն ենթարկվում, նա պատասխանեց․ «Ամեն դեպքում առանձնահատուկ են դրանց մերժման հիմքերն ու պատճառները։ Վճռաբեկի նախադեպային որոշումներից մեկով միջնորդության մերժումը չի նշանակում, որ վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է այդ գործողությունների կամ խնդրանքի կատարումից, և այդպիսի հնարավորություն քանի դեռ կողմն ունի հետագա փուլերում՝ մինչև Վճռաբեկ դատարանում վարույթի լսումների ժամանակ այդ միջնորդության պահանջներին հասնելը, այդ դեպքում էական խախտում Վճռաբեկ դատարանը չի տեսել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































