ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հազիվ 20%-ի մշակման ֆոնին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց շտապեց մամուլի ասուլիս հրավիրել, իրեն հռչակել ընտրությունների բացարձակ հաղթող և հայտարարել միանձնյա կառավարություն ձևավորելու մասին: Ահա թե ինչ հարցեր է լուծում այս շտապողականությունը.
1.Դեմոկրատական և իրավական պետություններում ընտրությունների արդյունքներն ու հաղթողներին հայտարարում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր տեղամասերի արդյունքների ամփոփումից և բողոքարկման փուլերի ավարտից հետո։ Քվեների չնչին մասի հիման վրա սեփական կուսակցության գրասենյակից հաղթանակ ազդարարելը և կառավարություն ձևավորելու մասին խոսելը բացահայտ արհամարհանք է պետական ինստիտուտների և ընտրական գործընթացի հանդեպ։
2. Խուճապի քողարկում
Այս մարտավարությունը կոչվում է «իրողությունների կանխում» (emptive strike)։ Իշխանությունը հրաշալի գիտի, որ նախնական տվյալները սովորաբար գալիս են փոքր բնակավայրերից և գյուղական տեղամասերից, որտեղ վարչական ռեսուրսն ու ճնշումներն ավելի հեշտ են աշխատում, մինչդեռ խոշոր քաղաքների և Երևանի հիմնական պատկերը ձևավորվում է շատ ավելի ուշ։ Շտապելով հայտարարել իր հաղթանակի մասին՝ Փաշինյանը փորձում է հոգեբանական պատնեշ ստեղծել, «սառեցնել» հանրային ընկալումը և կանխել ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիան ու քվեների հաշվարկի հետագա վերահսկողությունը։
Կարդացեք նաև
3. Արտաքին լեգիտիմության հրատապ փնտրտուք
Ասուլիսի ժամանակաշրջանը և գեոպոլիտիկ շեշտադրումները (ներառյալ հարևան երկրներից շնորհավորանքների արագ ակնկալիքը) ցույց են տալիս, որ ներկայիս վարչակազմին օդ ու ջրի պես պետք էր արձանագրել, որ իրենց ստանձնած արտաքին պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Սա ազդակ էր ոչ թե հայ ժողովրդին, այլ արտաքին կենտրոններին՝ իշխանության վերարտադրության քաղաքական թիկունքն ապահովելու համար։


















































