Երեւանի 6/18 տեղամասում այսօր կրկնաքվեարկության դեպք է գրանցվել: Պարզվում է՝ այս տեղամասում ՔՊ վստահված անձը, որը նաեւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վարորդն է, անձամբ է փորձել կրկնակի քվեարկել ու բռնվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձանց կողմից եւ տեղամասից հեռացվել:
Այս տեղամասում գրանցվել է նաեւ մեկ այլ ընտրախախտում: Փաստաբան Գագիկ Մայիլյանը մեզ փոխանցեց, որ հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից մեկը ընտրողին տվել է քվեաթերթիկներ, որոնց մեջ բացակայել է 3-րդ համարի՝ «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը, բայց դրա փոխարեն եղել են նույն համարից մեկից ավելի քվեաթերթիկներ: Ըստ Մայիլյանի՝ խախտումը արձանագրվելուց հետո խոստացել են, որ այդ անդամը կհեռացվի. «Սակայն ինչպես պարզեցինք, նա տեղամասում խախտումից հետո ոչ միայն շարունակում էր աշխատել, այլեւ կտրականապես թե՛ ինքը, թե՛ հանձնաժողովի նախագահը հերքում էին՝ նման խախտում է եղել»:
«Քվեաթերթիկները տրամադրելուց պակասում էր 3-րդ համարը, ավելացված էին 16, 7, 4 համարները: «Ուժեղ Հայաստանի» վստահված անձը, երբ փորձեց ստուգել, հանձնաժողովի այդ անդամը վրդովվեց, վիրավորական խոսքեր ասաց ու թույլ չէր տալիս, որ ստուգեին: Սակայն ստուգելու արդյունքում պարզ դարձավ, որ 3-րդ համարը չկար, 16-ից չորս հատ էր, մյուսից երկու հատ էր…»,- պատմեց Գագիկ Մայիլյանը:
Ըստ նրա՝ պահանջել են արաձանգրություն կազմել ու տվյալ միջադեպի վերաբերյալ ահազանգել են ոստիկանություն: «Ես պահանջեցի, որ հանձնաժողովի այդ անդամին փոխարինի մեկ ուրիշը, ինձ վստահեցրին, որ դրան կանդրադառնան»,- պատմեց Գագիկ Մայիլյանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահը Մայիլյանի բոլոր ասածները հերքեց՝ վստահեցնելով, որ երբ վստահված անձը բարձրաձայնել է խնդիրը, բոլոր քվեաթերթիկները փռվել են սեղանին եւ վստահված անձանց ներկայությամբ ցույց են տվել, որ 3-րդ համարի քվեաթերթիկը կա, ուղղակի այլ քվեաթերթիկներից է ավել գնացել. «Մատի խնդիր ունի, նայեք, վերցնելուց մեկից ավելի է գնացել, եղել է՝ նունիսկ, որ երեք հատ է գնացել ավել»,- արդարացավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը:
«Ինձ խնդրեցին՝ պարոն Մայիլյան, ինքն արդեն զսպվել է, իր սխալը գիտի, խնդրում եմ՝ ավելի չբարդացնեք, տարեց մարդ է , հանկարծ քրեական վարույթ չնախաձեռնվի, խոստացել է՝ այլեւս խախտում չանի: Խնդրեցին, որ հաղորդում չներկայացնենք, որ իրենց պատասխանատվության չենթարկեն»,- պարզաբանեց փաստաբան Մայիլյանը ու ասաց, որ նշված հանձնաժողովի անդամը երկու անգամ էր նման խախտում թույլ տվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































