Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը 2021 թվականի ընտրություններից հետո, որպեսզի հայաստանյան հասարակությունը այսօր կոտրած տաշտակի առջեւ չկանգնի. «Ազգ»

Ապրիլ 17,2026 08:40 Share

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ համաժողովը կազմակերպել էր խորհրդաժողովի համադրող կազմը, որին անդամակցում էին տարբեր համայնքների ներկայացուցիչներ, սակայն անզեն աչքով նկատելի էր, որ կազմակերպչական աշխատանքներում զգալի է ՀՅԴ մասնակցությունը: Ամեն դեպքում դա չխանգարեց, որպեսզի քննարկումներն անցնեն բաց ու ազատ մտքերի փոխանակման մթնոլորտում: Ավելին, շատ հրավիրյալներ չէին կարողացել ներկա գտնվել անձնական պատճառներով, բայց շատ կարեւոր անհատներ էլ ուշացումով էին իմացել եւ այլեւս չէին կարողացել մասնակցել դահլիճի սահմանափակ տեղերի պատճառով:

Այսպիսով, 25 երկրներից ժամանած 150-ից ավելի պատվիրակները ունկնդրեցին նախօրոք ընտրված բանախոսների ելույթները, ապա նրանց հարցեր ուղղեցին, շատերը հանդես եկան հակիրճ ելույթներով:

Բացման խոսքում խորհրդաժողովի համադրող մարմնի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանը նշեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը, Արցախի բռնի հայաթափումը, ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների՝ հայ եկեղեցու դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար:

Խորհրդաժողովի չորս հիմնական թեմաներն էին՝ Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում եւ քաղաքական օրակարգը. Ազգային արժեքների եւ Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման առումով. նոր իրավիճակի մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցերը եւ Սփյուռքի զորաշարժն ու վերաշխուժացումը՝ հանուն համահայկական նպատակների: Այս նպատակների շարքում հատկապես կարեւորվեց հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ողջ հայության ակտիվ մասնակցությունը: Այս հարցում թերեւս ժողովականների վրա հակասական ազդեցություն ունեցավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բոցաշունչ ելույթը, որի հիմնական միտքն այն էր, որ սփյուռքն առժամանակ պետք է մի կողմ թողնի իր խնդիրների քննարկումը եւ կենտրոնանա հունիսի 7-ի ընտրությունների վրա, քանզի այդ օրն է որոշվելու Հայաստանի ապագան՝ կլինի՞ հայկական պետություն, թե՞ մենք կկորցնենք նաեւ մեր պետականությունը: Իհարկե, անժխտելի է, որ գալիք ընտրությունները վճռորոշ են լինելու ողջ հայության ապագայի համար, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենալու ոչ միայն հայաստանցիների, այլեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայ Առաքելական եկեղեցու եւ ածանցյալ այլ բնագավառների վրա:

Բայց այստեղ մի շատ կարեւոր հարցադրում կա, որ ցանկանում ենք ուղղել հայաստանյան ընդդիմությանը. իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը 2021 թվականի ընտրություններից հետո, որպեսզի հայաստանյան հասարակությունը այսօր կոտրած տաշտակի առջեւ չկանգնի: Այդ ընտրություններից անմիջապես հետո պետք էր ամեն օր ու ամեն ժամ ընդդիմադիրները լինեին Հայաստանի մարզերում, դուրս գային սոցիալական ցանցերից ու առցանց ելույթների ձեւաչափերից, շփվեին հասարակ մարդկանց հետ, ներկայացնեին իրենց ծրագրերը, այնինչ միայն հիմա, ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, սփյուռքին օգնության կոչ են ուղղում: Ներողամիտ կլինեք, բայց սա ընդամենը քաղաքական կարճատեսության արդյունք է: Իհարկե, սփյուռքը կրկին մնում է մտահոգ, եւ կրկին իր բարոյական ու մասնագիտական աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին, ինչին անդրադարձ կատարվեց նաեւ խորհրդաժողովի բազմաթիվ ելույթներում եւ եզրափակիչ հայտարարության տեքստում, որն ընդունվեց միաձայն:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930