«Դուք անընդհատ ձեր ցուցմունքներում նշում եք, որ ձեզ՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ, վերագրվել են նաև պարտականություններ հակահրդեհային անվտանգության մասով: Եթե վերագրվել են, երբևէ այդ պարտականությունների չկատարման համար ձեզ որևէ կարգապահական տույժի ենթարկե՞լ են՝ անփութության, դիտավորության համար»,- այսօր հանրային մեղադրողը Ազատ
գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այս հարցը ուղղեց զորամասի կոմունալ շահագործման ծառայության նախկին պետ Մառլեն Սարգսյանին, որը, հիշեցնենք, որ 4 ժամ տևած հարցաքննության ժամանակ պնդում էր, որ համապատասխան պաշտոնը ստանձնել է՝ չունենալով համապատասխան գիտելիքներ, ակնկալել է, որ կվերապատրաստվի ու կմասնակցի համապատասխան դասընթացների, ինչը չի եղել:
Հիշեցնենք, որ Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր լինելով իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության, հրդեհաշիջման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիջման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպքում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացումը։ Սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, և արձանագրվել են զոհեր:
Կարդացեք նաև
Սարգսյանն այսօր պատմեց, որ մի անգամ է այցելել Ազատի կացարան. պատահաբար ճանապարհով անցնելիս է եղել, ու տեսնելով զինվորներին, կանգնել է, բակում հետները խոսել, և այդտեղ է իմացել, որ այդտեղ վաշտ է տեղակայված:
Անդրադառնալով կրակմարիչների բաշխմանը՝ Սարգսյանն ասաց՝ ով եկել է, ստացել է, ով չի ստացել, ուրեմն չի դիմել, չի գնացել ստանալու. «Ես պարտավոր չեմ կրակմարիչները տանեմ, բաժանեմ, դրա համար գոյություն ունի կարգ ու պահեստ»:
Հանրային մեղադրողի դիտարկմանը, թե ձեռք բերված ապացույցներով հրդեհի դեպքից հետո բա ինչպես է միջոցներ ձեռնարկել ու նույնիսկ մարտական դիրքերից սկսած՝ որտեղ կրակմարիչներ չեն եղել, ինքը տարել, հասցրել է, Սարգսյանն արձագանքեց, թե այդ տեղեկությունը կիսով չափ է համապատասխանում իրականությանը. «Շտաբի պետի ու թիկունքի պետից կարգադրություն եմ ստացել. ասել են՝ տարեք, ամեն տեղ ապահովեք, բայց դա չի վերաբերում մարտական դիրքերին, ես չեմ բարձրացել մարտական դիրքեր»:
Հանրային մեղադրողը ընթերցեց ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 107 հոդվածը, որով Սարգսյանը ի պաշտոնե պատասխանատու է եղել իրականացնել զինամթերքի, նյութական միջոցների բաշխմամբ զորամասերին, ու հարցրեց՝ տեղեկացվա՞ծ է եղել այդ պարտականությունների մասին, Սարգսյանն արձագանքեց՝ բաշխվել է պահեստից:
Սարգսյանը նաև մի քանի անգամ շեշտեց, որ այդ ժամանակահատվածում առողջական խնդիրներ է ունեցել ու հայտնել վերադասին, ազատել են մի շարք պարտականություններից. «Ազատվել եմ բոլոր տիպի ծառայություններից, ամեն ինչից, բայց ես զինվորական եմ. ինչքան էլ վատ լինեմ, չեմ մեռել էլի, տանը պետք է պառկեի, գնացել եմ զինակից ընկերներիս կողքին եմ եղել»:
Սարգսյանը նաև ասաց, որ Ազատի կացարանի հրդեհից առաջ մարտական դիրքերում էլի բենզինի օգտագործման հետևանքով հրդեհ է եղել, ինքը դրա համար մի նկատողություն նույնիսկ չի ստացել. «Ինչի՞ էդ ժամանակ չեն կանչել: Հենց զինվորի կորուստ ենք ունեցել, մեկը պետք է մեղադրվե՞ր, Մառլենին են կանչել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































