Իշխանությունները ցնծության մեջ են։ ՀՀ սաստիկ անկողմնակալ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ձայնագրություններ է հրապարակել, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն իբր ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլև այդ կաշառքը վերցնել համաձայնվողներին իրար մեջ անվանում «բոշաներ»։
Իրական են այդ ձայնագրությունները, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մի պահ ենթադրենք, որ իրական են։ Համաձայնվեք՝ մարդկանց համար, որոնք քաղաքական ու բարոյական որևէ սկզբունք չունեն, բայց ձևացնում են, թե կոնկրետ ուժի համակիրներ են և պատրաստ են ձայն տալ այդ ուժին (բայց՝ կոնկրետ գումարի դիմաց) և ագրեսիվ ձևով պահանջում են, որ խոստացված գումարը «վախտին վճարեն», «բոշա» ձևակերպումն իր կենցաղային իմաստով երևի իսկապես էլ ամենադիպուկն է։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞վ են զբաղված ՔՊ-ական «էլիտան» ու տարբեր տրամաչափի չինովնիկները։ Ճիշտ և ճիշտ նույն «բոշայությամբ»։
Նրանց մեծամասնությունը քաղաքական և բարոյական որևէ սկզբունք չունի, բայց ձևացնում է, թե կիսում է Նիկոլի գաղափարները և տեսախցիկների առջև անճոռնի սրտիկներ է ցույց տալիս, պարզապես դա անում է ոչ թե հանուն ինչ-որ պայմանական 100 կամ 200 հազար դրամի, այլ հանուն աստղաբաշխական պարգևավճարների, պաշտոնների, իշխանական վայելքների և այլն։ Ընդ որում՝ պահանջում է նաև, որ պարգևավճարները «վախտին վճարեն», և ագրեսիվորեն հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են քննադատել դա (հիշեք ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանի մուննաթը՝ «բա մենք հո էնտուզիաստնե՞ր չենք, որ ամիսը 500 հազար դրամով աշխատենք»)։ Կամ՝ վերցնենք Նիկոլի մարզային ասպատակություններին ներկա գտնվող որևէ թոշակառու պապիկի խոսքը՝ «մեր հզոր թագավոր ջան, թոշակըս հըլավ, 300 հազարնոց ապեռացիա արիմ, ցավըդ տանեմ, քեզ եմ ընտրելու, բա ուրիշ ո՞ւմ բըդի ընտրեմ»։ Սա փաստացի նույն «բոշայությունն» է, որովհետև մարդը պարզ ասում է՝ Նիկոլին է ընտրելու ոչ թե ինչ-որ քաղաքական սկզբունքներից ելնելով, այլ որովհետև շատ կոնկրետ նյութական «քյար» է ունեցել։ Եվ սա անընդհատ գովազդվում է հնարավոր բոլոր լրատվամիջոցներով, ավելին՝ հենց սա է դարձել ՔՊ-ի քարոզչության հիմնասյուներից մեկը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»


















































