Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Ապրիլ 18,2026 12:04 Share

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայնությամբ ընդունված համապարփակ բանաձևը։ Այս քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի միջև մերձեցման ամրապնդման գործում՝ միաժամանակ աջակցություն արտահայտելով Հայաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպական միությանը։

Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Ըստ բանաձևի՝ անվտանգ վերադարձը հնարավոր չէ առանց միջազգային գործուն մեխանիզմի։ Բանաձևով նաև պահանջվում է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021թ․ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին։ Բացի այդ, բանաձևը անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։

Արձագանքելով բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ հստակ և սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Հայաստանի և Բելգիայի միջև կապերի խորացումը դրական քայլ է ապագայի համար, այնուամենայնիվ այն պետք է հիմնված լինի նաև հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիայի կառավարությունից ակնկալում ենք ապահովել, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունների»։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բելգիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է անում օգտագործել այս բանաձևը որպես հիմք՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930