Այս օրերին ամենից շատ խոսվում է Հորմուզի նեղուցի ու նավթի մասին: Կարծես՝ Իրանի պատերազմի գլխավոր պատճառը նավթն ու Հորմուզն են: Ըստ պաշտոնական տվյալների, անցած 30 տարում նավթի համաշխարհային սպառումը աճել է ընդամենը 45%-ով եւ դրա հիմնական պատճառը Չինաստանն ու Հնդկաստանն են: 45 տոկոսը իրականում մեծ թիվ չէ:
Այժմ տեսնենք, թե ինչպես է տատանվել նավթի գինը: 1998-ին նավթն արժեր 12 դոլար, 2008-ին ամերիկյան Lehman Brothers-ի սնանկացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի օրերին նավթի գինը սեպեկուլյատիվ ռեկորդ սահմանեց եւ հասավ 145 դոլարի: 2014–2016 թվականներին տատանվեց $110 → $30-ի սահմաններում: Կորոնավիրուսի պատճառով իջավ 20$-ի, Ուկրաինական պատերազմից հետո դարձավ 120$, հետո կրկին իջավ: Այժմ Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պարագայում, երբ հարվածի տակ են Ծոցի բոլոր նավթային երկրները, նավթն արժե ընդամենը 100$-ից քիչ բարձր, Թրամփի այսօրվա դադարից հետո կսկսվի նավթի գնի կտրուկ վայրէջք:
Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է եւս մեկ ցուցանիշ՝ դա դոլարի արժեքն է՝ նույն անցած 30 տարվա կտրվածքով: Պաշտոնական թվերից ելնելով՝ անցած 30 տարում դոլարի գնողունակությունն իջել է կրկնակի՝ 100 տոկոսով: Բայց դոլարային ինֆլյացիան ավելի մեծ է. անցած 30 տարիներին աշխարհում կյանքը թանկացել է մի քանի անգամ: Արժեզրկվել է դոլարը, իր հետ արժեզրկվել են մյուս արժույթները: ԱՄՆ-ում ապրողները նույնպես կհաստատեն այս պնդումը:
Այսինքն՝ հաշվի առնելով դոլարի արժեզրկումը, կտեսնենք, որ նավթի գինը անցած 30 տարիներին քիչ է փոխվել: Նավթ կա, շատ նավթ կա, պահանջարկից մի քանի անգամ շատ նավթ ու գազ կա, սակայն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող մեծ կորպորացիաները թույլ չեն տալիս, որ նավթի գինը չափից շատ իջնի, դրանից հիմնականում շահում են զարգացող երկրները: Դա ԱՄՆ-ի համար սպառնալիք է: Եվ, ուրեմն, նավթի դերը Իրանի պատերազմում երկրորդական է: Հակառակ դեպքում նավթի գինը պետք է հատեր 200 դոլարը:
Կարդացեք նաև
Նոր ժամանակներ են, տեխնոլոգիական հեղափոխությունը մտել է զարգացման նոր փուլ, այլընտրանքային էներգետիկան արագ տարածվում է ողջ աշխարհում, արհեստական բանականությունն ու փոխկապակցված ոլորտները ժամ առ ժամ փոխում են համաշխարհային տնտեսության բնույթը, փոխվում է ամեն ինչ՝ ռազմական արդյունաբերությունից մինչեւ կենցաղ, գիտություն, կրթություն, առողջապահություն: Ձեւավորվում է նոր մարդ, նոր սպառող: Այս իրավիճակում, նախկին, ավանդական գաղութատիրական համակարգը դառնում է անպիտան եւ թանկ: Իմաստ չունի աշխարհի տարբեր կետերում ունենալ ֆիզիկական ներկայություն:
Այն, որ ԱՄՆ-ն հեռանում է տարածաշրջանից ու Եվրոպայից, թույլ է տալիս պնդել, որ հեգեմոնը (թե՞ հավաքական Արեւմուտքը) որեւէ երկրի անվտանգության երաշխիք լինել չի կարող: Ընդհանրապես՝ ժամանակակից աշխարհում նման երաշխիքներ մեկ այլ երկրի չի կարող տալ ոչ մի գերտերություն կամ միություն: Երաշխիքը միջազգային իրավունքն ու օրենքն են, որ վաղ թե ուշ, գուցե նոր խմբագրությամբ սկսելու է գործել: Ելնելով ներկա իրավիճակից՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի անցած 30 տարիների վարած քաղաքականությունը սխալ էր, բայց մինչեւ 2018 թվականը Հայաստանը ուներ որոշակի սուվերենության ներուժ, Հայաստանը գործոն էր, ընդամենը պետք էր կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա, զարգացնել տնտեսությունը, կառուցել իրավական պետություն:
Ղարաբաղը հանձնելով՝ մեր անվտանգության մակարդակը չբարձրացավ, այն ավելի ռիսկային դարձավ: Իրանի պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓ կոչված արկածախնդրությունը Հայաստանին ներքաշելու է լրացուցիչ առճակատումների մեջ, առայժմ սա սառեցված հարց է: Պարսիկներն իրենց դեմ գործած յուրաքանչյուր հարեւանի հասանելիք ապտակը հասցնում են: Իսկ դեռեւս մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը պարծանքով հայտարարում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին առնվազն 100 տարվա գոյության երաշխիք է տվել: Նման անհեռատեսություն, իրավիճակից կտրվածություն կարող է ցուցաբերել երկրի շարքային քաղաքացին: Երկրի ղեկավարից նման անհեթեթություններ լսելը խոսում է այն մասին, որ երկիրն անտերության է մատնված:
Այս ընթացքը պետք է կասեցվի. Հայաստանն անցած ութ տարիներին վերածվել է անհասկանալի միավորի: Եթե ութ տարի առաջ կռվախնձոր ու սակարկման նյութ էին մեր տիրապետության տակ գտնվող Ադրբեջանի յոթ շրջանները, դրանք կորցնելուց հետո խաղասեղանին դրվեց Ղարաբաղը, որի կորստից հետո մեր ապիկար խաբեբաները ԹՐԻՓ անվան տակ խաղասեղանին դրեցին Սյունիքը, այսինքն՝ Հայաստանը: Այժմ բոլոր խաղերը տանուլ տված, էժան շանտաժ է արվում Եվրամիության նկատմամբ, թե տեսեք-տեսեք, եթե մեզ չօգնեք՝ ռուսները մեզ կուլ կտան: Բայց լավ են հասկանում, որ իրենց ղեկավարած Հայաստանը բոլոր առումներով ԵՄ մտնելու որեւէ չափորոշիչի չի համապատասխանում: Նույնիսկ խոստացված վիզաների ազատականացման հարցը չլուծվեց, դրանց տրամադրման հարցը նույն ամոթալի վիճակում է:
Արա ԱՐԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































