Հայկական «Անտարես» հրատարակչությունը ընդգրկվել է Bologna Prize for the Best Children’s Publishers of the Year 2026 (Բոլոնիայի մրցանակ՝ տարվա լավագույն մանկական հրատարակիչների համար, BOP) մրցանակի կարճ ցուցակում, որը մանկական գրահրատարակչության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկն է։ Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն հրատարակչության, այլև ամբողջ Հայաստանի համար՝ որպես հարուստ գրական ավանդույթ և աճող միջազգային մշակութային ներկայություն ունեցող երկրի։
Մրցանակի ասիական անվանակարգում «Անտարեսը» հայտնվել է այնպիսի հայտնի հրատարակչությունների կողքին, ինչպիսիք են Tulika Publishers-ը և Pratham Books-ը (Հնդկաստան), Bronze Publishing-ը (Ճապոնիա) և Bir Publishing-ը (Հարավային Կորեա)։ Հայկական հրատարակչության ներկայությունը այս ցանկում վկայում է նրա խմբագրական, գեղարվեստական և մշակութային աշխատանքի բարձր մակարդակի մասին։
Bologna Prize for the Best Children’s Publishers of the Year մրցանակը շնորհվում է ամեն տարի Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառի (BCBF) շրջանակում, որը համարվում է մանկական գրքի ոլորտի գլխավոր համաշխարհային մասնագիտական հարթակը։ Թեկնածուներին առաջադրում են հրատարակիչները, հրատարակչական ասոցիացիաները և ընթերցանության ու մանկական գրականության զարգացմանն ուղղված կազմակերպությունները։ 2026 թվականին մրցանակի կարճ ցուցակում ընդգրկվել էին 30 հրատարակչություններ աշխարհի վեց տարածաշրջաններից՝ Աֆրիկայից, Ասիայից, Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, ինչպես նաև Օվկիանիայից։
Այս ցանկում ընդգրկվելը նշանակում է միջազգային ճանաչում մի շարք առանցքային չափանիշներով՝ հրատարակչական ծրագրի որակ, գեղարվեստական ձևավորման մակարդակ, պատկերազարդման հետ աշխատանք, հրատարակչական կատալոգի նշանակություն և մանկական ընթերցանության մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրում։
Կարդացեք նաև
Հայաստանի համար այս ձեռքբերումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Սահմանափակ ներքին գրաշուկայի և պետական այնպիսի լայնածավալ աջակցության բացակայության պայմաններում, որը համադրելի լիներ եվրոպական խոշոր ծրագրերի հետ, հայկական հրատարակչության ընդգրկումը նման մրցանակի կարճ ցուցակում դառնում է կարևոր ապացույց այն բանի, որ երկրի մշակութային հեղինակությունը որոշվում է ոչ միայն շուկայի չափով, այլև նրա ստեղծած մտավոր և գեղարվեստական արտադրանքի որակով։
Բոլոնիայի կարճ ցուցակում ընդգրկվելը նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցության համար, մեծացնում է գրական գործակալների, թարգմանիչների, հրատարակչական գործընկերների, դիստրիբյուտորների և մշակութային հաստատությունների հետաքրքրությունը։ Հայաստանի համար սա կարևոր և ոգեշնչող ազդակ է. հայկական գրահրատարակչությունը կարող է լինել ոչ թե համաշխարհային մշակութային գործընթացի ծայրամասում, այլ դրա նկատելի և հարգված մասնակիցներից մեկը։
Մամուլի հաղորդագրություն


















































