Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ՝ թարգմանչի առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է ստեղծել տեքստ, որը չի կրկնում ֆիլմը, բայց նաև չի խզում կապը դրա հետ». Լիլիթ Խալաթյան

Մայիս 27,2026 17:51 Share

Հայաստանում կինոյի ու գրականության հարաբերությունը հաճախ սահմանափակվում է մեկ պարզ նախադասությամբ՝ «ֆիլմը գրքից լավն էր» կամ «գիրքը շատ ավելի ուժեղ էր»… Բայց «Անտարես» հրատարակչության «Կինոգիրք» շարքը, որ հրատարակվում է 2025 թվականից, այդ հարաբերությունը դարձնում է ավելի հետաքրքիր ու բազմաշերտ։ Շարքում ընդգրկված գրքերը ոչ միայն հայտնի էկրանավորումների հիմքում ընկած գործեր են, այլ ինքնուրույն գրական երկեր, որոնք հայ ընթերցողին հնարավորություն են տալիս վերադառնալու արդեն ծանոթ պատմություններին՝ այս անգամ բառերի, ոչ թե կադրերի միջոցով։

Լիլիթ Խալաթյան

 

Aravot.am-ի զրուցակիցն է թարգմանիչ, Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Լիլիթ Խալաթյանը:

-«Կինոգիրք» շարքի յուրաքանչյուր գրքի թարգմանություն էլ ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Չէ որ գործ ունեք արդեն հանրահայտ, հաճախ սիրված ֆիլմերի հետ: Այս ոլորտում ո՞րն է ձեր առաջնահերթ խնդիրը, գուցե միակը:

Ընդհանուր առմամբ թարգմանել եմ 23 գիրք, որոնցից 16-ը արդեն հրատարակված են։ «Կինոգիրք» շարքի գրքերից հաճույքով թարգմանել եմ Քեթրին Սթոքեթի «Սպասուհիները», Դաֆնի դյու Մորիեի «Թռչունները և Հիմա չնայես» պատմվածքների ժողովածուն, Փաթրիշա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլին», Սառա Գեյ Ֆորդենի «Գուչչիների տունը», Էմմա Դոնոհյուի «Սենյակը»։ Շուտով իմ թարգմանությամբ լույս կտեսնեն նաև Էլիզաբեթ Սթրաութի «Օլիվ Քիթերիջը», Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան» և «Սթեփֆորդի կանայք», իսկ Սթիվեն Քինգի «Կանաչ մղոնի» թարգմանությունն ընթացքի մեջ է։

Այո: Այս շարքի թարգմանություններն ինձ համար առանձնահատուկ են: Գործ ունենք ոչ միայն գրական տեքստի, այլև արդեն գոյություն ունեցող կինեմատոգրաֆիկ հիշողության հետ։ Ընթերցողը հաճախ անդրադառնում է գրքին՝ արդեն հիշելով դերասանների դեմքերը, ֆիլմի երաժշտությունը, մթնոլորտը, լարվածությունը։ Իմ՝ թարգմանչի առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է գրական երկի բնօրինակի լեզվի ու տարատեսակ այլ առանձնահատկությունների պահպանմամբ հանդերձ՝ ստեղծել տեքստ, որը չի կրկնում ֆիլմը, բայց նաև չի խզում կապը դրա հետ։

Թարգմանված 23 գրքերից, վստահ ենք, որ 1-2-ի թարգմանությունը ամենաբարդն է եղել: Կարելի է ասել՝ 0-ից գիրք եք գրել, կամ՝ կառուցել լեզվական համակարգ: Համամի՞տ եք:

-Համամիտ եմ: Քեթրին Սթոքեթի «Սպասուհիները» թարգմանական առումով թերևս ամենաբարդ աշխատանքներից մեկն է եղել։ 2011 թվականին Թեյթ Թեյլորի նկարահանած համանուն ֆիլմը, որտեղ փայլում են Վիոլա Դևիսը, Օկտավիա Սփենսերը և Էմմա Սթոունը, վաղուց դարձել է ժամանակակից ամերիկյան կինոյի կարևոր գործերից մեկը։ Բայց գրքի ուժը ոչ միայն պատմությունն է, այլ առաջին հերթին՝ լեզուն։ Սևամորթ սպասուհիներից յուրաքանչյուրն ունի խոսելու իր յուրահատուկ ձևը, ռիթմը, իր աշխարհընկալումը։ Հայերենում այդ շերտը բառացի վերարտադրելն անհնար էր, բարբառային բառեր ու արտահայտություններ գործածելը՝ սխալ։ Պետք էր գրեթե զրոյից կառուցել լեզվական համակարգ, որը մի կողմից բնական կհնչեր հայ ընթերցողի համար, մյուս կողմից կպահպաներ սոցիալական տարբերություններն ու լեզվական առանձնահատկությունները։ Թարգմանության գլխավոր դժվարությունը հենց հավասարակշռությունը պահպանելն է եղել՝ կերպարները ծաղրանկարի չվերածելը, բայց նաև նրանց ձայները չհամահարթեցնելը։ Ուզում եմ ասել նաև, որ այս և համանման գրքերի ընթերցումն ընթերցողական որոշակի պատրաստվածություն է պահանջում լեզվական հնարքների ընկալման, այդ հնարքների կիրառման արդյունքում կերպարների կառուցման առումով։

Հետաքրքիր է, է՞լ ինչ փորձությունների միջով եք անցել:

– Դաֆնի դյու Մորիեի «Թռչունները և Հիմա չնայես» ժողովածուի թարգմանությունը մեկ այլ փորձություն էր։ Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները» վաղուց դարձել է սարսափի կինեմատոգրաֆիկ խորհրդանիշ, բայց դյու Մորիեի արձակը շատ ավելի սառն ու հոգեբանական է, քան ֆիլմը։ Նրա պատմվածքներում լարվածությունը կառուցվում է ոչ թե բացահայտ սարսափի, այլ սպասման վրա։ Թարգմանելիս կարևոր էր պահել այդ մթնոլորտը, չբացատրել ավելին, քան հեղինակը բացատրում է, և ընթերցողին թողնել նույն՝ բնագրային անհանգիստ անորոշության վիճակում։ «Հիմա չնայես» պատմվածքը, որն էկրանավորել է Նիքոլաս Ռոուգը Դոնալդ Սադերլենդի և Ջուլի Քրիստիի մասնակցությամբ, առանձնապես նուրբ է ռիթմի տեսանկյունից․ յուրաքանչյուր դադար, յուրաքանչյուր նկարագրություն աշխատում է հոգեբանական ճնշում ստեղծելու ուղղությամբ։

Իսկ օրինակ՝ Փաթրիշա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլին» գրքի թարգմանությանը ձեռնամուխ եմ եղել հաճույքով, միաժամանակ այս աշխատանքն ինձնից պահանջել է ճշգրիտ ռիթմ և լեզվական կարգապահություն։ Հայսմիթի արձակն արտաքուստ պարզ է թվում, բայց հենց այդ պարզության մեջ է թաքնված լարվածությունը։ Ռիփլին վտանգավոր կերպար է՝ ոչ թե որովհետև բարձրաձայն սպառնում է, այլ որովհետև անընդհատ փոխվում է, հարմարվում, ներթափանցում ուրիշների կյանք։

Էնթոնի Մինգելայի ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի և Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ, պատմությանը տվել է գրեթե շքեղ, արևոտ տեսք, մինչդեռ գրքում մշտապես զգացվում է սառնության և օտարացման շունչը։ Թարգմանության ընթացքում կարևոր էր պահել այդ երկակիությունը՝ արտաքին նրբագեղությունն ու ներսում աճող վտանգը։ Դետեկտիվ և հոգեբանական թրիլերային գրականության մեջ ամենամեծ վտանգը տեքստի ռիթմը կորցնելն է։ Եթե նախադասությունը մի փոքր երկարեց, եթե ավելորդ բացատրություն հայտնվեց, լարվածությունը թուլանում է։ Այդ պատճառով նման գրքերի թարգմանությունը շատ մոտ է մոնտաժային աշխատանքին․ երբեմն պետք է զգալ ոչ միայն բառի, այլև լռության արժեքը։

Սառա Գեյ Ֆորդենի «Գուչչիների տունը» տարբերվում է շարքի մյուս գրքերից, որովհետև գործ ունենք ոչ թե գեղարվեստական արձակի, այլ լրագրողական հետաքննության հետ։ Ռիդլի Սքոթի ֆիլմը՝ Լեդի Գագայի, Ադամ Դրայվերի և Ալ Պաչինոյի մասնակցությամբ, պատմությունը ներկայացնում է որպես ընտանեկան մելոդրամա ու հանցագործության պատմություն, մինչդեռ գիրքը կառուցված է փաստերի, բիզնես հարաբերությունների, ընտանեկան դավադրությունների և նորաձևության աշխարհի ներքին մեխանիզմների վրա։ Թարգմանական դժվարությունը տերմինաբանությունը, ոճն ու տեղեկատվության խտությունը հայալեզու դարձնելն էր։ Պետք էր պահպանել լրագրողական ճշգրտությունը, բայց տեքստը չդարձնել ծանր կամ չոր։

Էմմա Դոնոհյուի «Սենյակը» թարգմանելիս հիմնական մարտահրավերն ինձ համար երեխայի ձայնն էր։ Լենի Էյբրահամսոնի ֆիլմը, որի համար Բրի Լարսոնը «Օսկար» է ստացել, մեծ ազդեցություն է ունեցել հանդիսատեսի վրա, բայց գրքում պատմությունն ամբողջությամբ կառուցված է հնգամյա տղայի ընկալման շուրջ։ Հայերենում պետք էր պահել մանկական լեզուն, որը միաժամանակ բնական կլիներ, բայց նաև բավական ճկուն՝ փոխանցելու համար և՛ անմեղությունը, և՛ փակ տարածքում ապրելու սարսափը։ Այդ մանկական լեզվի հուզական ազդեցությունը գրքում աստիճանաբար աճում և պատումին նոր երանգներ ու հմայք է տալիս։

Առաջիկայում լույս տեսնելիք Էլիզաբեթ Սթրաութի «Օլիվ Քիթերիջը» ինձ համար նոր մարտահրավեր էր՝ իր ներքին լռությամբ։ HBO-ի համանուն մինի-սերիալում Ֆրենսիս Մաքդորմանդի մարմնավորած Օլիվը կոշտ, երբեմն անտանելի, բայց չափազանց մարդկային կերպար է։ Սթրաութի արձակում ամենակարևորը չասվածն է։

Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան» և «Սթեփֆորդի կանայք» իրենց հերթին ամերիկյան հոգեբանական սարսափի ու սոցիալական քննադատության դասականներ են։ Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան» ֆիլմը վաղուց կինոյի պատմության մաս է դարձել, իսկ «Սթեփֆորդի կանայք» մինչ օրս մնում է կանանց դերի, հասարակական ճնշման և արհեստական կատարելության ամենասուր երգիծանքներից մեկը։ Լևինի արձակը չափազանց մաքուր և ճշգրիտ է, ու հենց այդ հանգստությունն է վախ ստեղծում։ Ես՝ որպես թարգմանիչ, չէի կարող այստեղ ինձ թույլ տալ ավելորդ հուզականություն․ սարսափը պետք է ծնվեր առօրյայում՝ զուսպ ու ճշգրիտ խոսքի զորությամբ։

-Այս պահին ո՞ր հայտնի ֆիլմն եք գիրք դարձնում:

-Սթիվեն Քինգի «Կանաչ մղոնը», որի վրա աշխատում եմ այժմ, մի առանձին աշխարհ է։ Ֆրենք Դարաբոնտի ֆիլմը Թոմ Հենքսի և Մայքլ Քլարք Դանքանի մասնակցությամբ շատերի համար արդեն դասական է, բայց գրքում Քինգը կառուցում է շատ ավելի ծավալուն, մանրամասն ու մարդկային պատմություն։ Նրա լեզուն պարզ է, բայց չափազանց երաժշտական։ Թարգմանելիս կարևոր է պահել և՛ բանտային միջավայրի կոպտությունը, և՛ պատմության ներսում եղած խոր մարդկայնությունը։

-Ձեր պատասխաններից կարելի է գալ հետևյալ եզրահանգման՝ կինոն ու գրականությունը լրացնում են մեկմեկու:

-Ճիշտ այդպես. «Կինոգիրք» շարքը ցույց է տալիս, որ կինոն ու գրականությունը կարող են փոխլրացնել իրար։ Երբեմն ֆիլմը ստիպում է վերադառնալ գրքին, երբեմն գիրքն է բացում ֆիլմի նոր շերտերը։ Իսկ թարգմանությունն այդ ճանապարհի առանցքային օղակն է, պետք է ընթերցողին փոխանցի ոչ միայն սյուժեն, այլև այն լեզուն ու զգացողությունը, որոնց շնորհիվ այս պատմությունները դարձել են համաշխարհային մշակույթի մաս։

 Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031