Լրահոս
Օրվա լրահոսը

Գագաթնաժողովն ինքնին ավելի շատ խորհրդանշական կլինի, քան արդյունալից: Սրա մասին է վկայում գագաթնաժողովի Հռչակագրի նախագիծը, որն առկա է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ

Ապրիլ 22,2026 18:11 Share

Մայիսի 5-ին Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը մեկ այլ հստակ ցուցիչ է, թե որքան բարձր է Բրյուսելը գնահատում Երևանի դերը։ Գագաթնաժողովին կմասնակցեն և՛ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, և՛ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Հավաքը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովից ընդամենը մեկ օր անց:

Նախապատմություն. Այն փաստը, որ Հարավային Կովկասի փոքր հանրապետությունը ստանում է ԵՄ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու հնարավորություն, ինքնին բավականին մեծ նվաճում է։ Նման հնարավորությունը սովորաբար ընձեռնվում է միայն իսկապես խոշոր միջազգային խաղացողների, ինչպիսիք են, օրինակ, Չինաստանը, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները, շատ մտերիմ և բարեկամ հարևանների, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը, կամ տարածաշրջանային դաշինքների և խմբավորումների, ինչպիսիք են Աֆրիկյան Միությունը կամ Արևմտյան Բալկանների վեց ոչ ԵՄ անդամ պետությունները:

Գագաթնաժողովն ինքնին ավելի շատ խորհրդանշական կլինի, քան արդյունալից: Սրա մասին է վկայում գագաթնաժողովի Հռչակագրի նախագիծը, որն առկա է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ: Թեև վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն արծարծել է ԵՄ-ին անդամակցության հարցը, դրա մասին նախագծում ոչինչ չկա։ Փոխարենը, պարզապես նշված է, որ «ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»:

Տեքստում նաև նշվում է, որ գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները կքննարկեն ինչպես Իրանում, այնպես էլ Ուկրաինայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը:

Հարևան Ադրբեջանի հետ Հայաստանի բարդ հարաբերությունների վերաբերյալ տեքստում շատ բան չկա, բացի այն տողից, որտեղ ասվում է. – «Մենք վերահաստատում ենք մեր ուժեղ աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը, հաղորդակցությանը և բարգավաճմանը և բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերը»։

Հետաքրքիր է, որ փաստաթղթում Ռուսաստանի մասին ընդհանրապես խոսք չկա, չնայած հավանական է, որ այն տողը, որտեղ ասվում է, որ «Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման», մշակվել է` մտքում ունենալով Մոսկվան:

Թեև Հայաստանի վրա չկա ճնշում՝ միանալու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, Բրյուսելը ցանկանում է, որ երկիրն ավելի ակտիվ լինի Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանցումը կանխելու գործում։

Փաստաթղթում նշվում է. – «Մենք համաձայնում ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար, հատկապես երկակի օգտագործման և մարտադաշտի համար զգայուն իրերի առևտրի վերաբերյալ, ներառյալ կանխարգելող քայլերի ձեռնարկումը Հայաստանի ֆինանսական հատվածի չարաշահման դեմ»։

Փաստաթղթում Երևանի համար Եվրամիությունից նոր ֆինանսական աջակցության մասին հիշատակում չկա։ Դեռևս հղում է կատարվում նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոյին և 2.5 միլիարդ եվրոյին, որը Երևանը կարող է ստանալ դաշինքի «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում։ Այս ռազմավարությունը Բրյուսելի պատասխանն է Չինաստանի՝ զարգացող երկրների համար նախատեսված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ներդրումային նախաձեռնությանը։

Հայաստանի Զինված ուժերի հանդեպ նոր հանձնառություններ ևս չկան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Բրյուսելը 30 միլիոն եվրոյի ոչ մահաբեր օգնություն է հատկացրել Հայաստանի համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակում։ Այնուամենայնիվ, «Ազատություն» ռադիոկայանի ԵՄ աղբյուրները նշում են, որ ԵՄ-ն շուտով ավելի շատ դրամական միջոցներ կառաջարկի այս ծրագրի շրջանակում։

Հռչակագրում նաև նշվում է, որ «ԵՄ-ն և Հայաստանը հետամուտ են ամրապնդել իրենց հարաբերությունները անվտանգության և պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ տարեկան խորհրդակցությունների միջոցով»։

Այլ կոնկրետ ներդրումների շարքում հիշատակվում է «Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխը»։ Այս նախագծի մասին Բրյուսելը խոսել է, սակայն այն դեռևս չի մեկնարկել։

Խոսք կա նաև ճանապարհային քարտեզի մշակման մասին՝ Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու համար։

Վիզայի ազատականացման հարցում, որը Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններից է և որի շուրջ 2024 թվականին Բրյուսելի հետ սկսվել է «վիզաների ազատականացման երկխոսություն», նշվում է՝ գրանցվել է «նշանակալի առաջընթաց»։ Երկու կողմերի նպատակն էլ մնում է այն, որ տասնամյակի վերջում Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրների մեծ մաս։

Ռիկարդ Յոզվիակ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930