Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության տեսանկյունից կարեւոր էր այն, որ այս աշխատաժողովի ընթացքում քննարկման դաշտ բերվի այն, որ 600 տարվա ընթացքում պետականություն չունենալու գաղափարը միֆ է. Գոռ Մարգարյան

Ապրիլ 23,2026 15:45 Share

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում անցկացվել է 2 աշխատաժողով՝ «Պետականությունը եւ նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» խորագրերով: Կազմակերպիչներն էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։ Աշխատաժողովին հանդես են եկել առաջատար մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլ Վրաստանից եւ Լեհաստանից։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը, առաջին աշխատաժողովը նվիրված էր հայոց պետականության տիպաբանական եւ տեսական, գաղափարական հիմքերի, հարցերի քննարկմանը, իսկ ծրագրի գործընկերը Լեհաստանի Սեդլցեի համալսարանն էր՝ ի դեմս դոկտոր Կատարժինա Մակսիմիուկի:

Գոռ Մարգարյանը տեղեկացրեց, որ աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են հայոց պետականության տարբեր դրսեւորումները, պետականության վերաբերյալ հայկական պատմագրությունում առկա մոտեցումները, դրանց վրա եղած ազդեցությունները կամ պետական ընկալման վերաբերյալ հարցերը. «Մասնավորապես, մեկ զեկուցում նվիրված էր ուշ միջնադարում կիսանկախ հայկական պետական կազմավորումների գոյությանը: Թեկուզ եւ որպես պետականության կիսանկախ դրսեւորումներ՝ իրենք գոյություն են ունեցել, խոսքն, օրինակ Մակուի հայկական կաթոլիկ իշխանության մասին է, կամ 15-րդ դարում Երզնկայում հայկական իշխանության, այլ դրվագներ էլ կան՝ Բայազետի իշխանությունը:

Քանի որ գիտաժողովին մասնակցում էր նաեւ Գեղարդ հիմնադրամի գործընկեր Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտը՝ ի դեմս տնօրեն Գեորգի Ճեիշվիլիի, անդրադարձ եղավ միջնադարում Վրաստանի պետականության զարգացմանը ու զուգահեռաբար հայկական ու վրացական պետականությունների մոդելներին, մյուս զեկուցումների ընթացքում էլ քննարկվեցին ոչ միայն պետականության, այլեւ ինքնության վերաբերյալ հարցեր:

Հաջորդ աշխատաժողովը նվիրված էր 20-րդ դարում ինքնություն, պետականաշինության միֆաստեղծման, էթնոքաղաքական գործընթացների քննությանը եւ վայրիվերումներին Հարավային Կովկասում: Աշխատաժողովի օրն էլ պատահական չէր ընտրված, որովհետեւ ապրիլի 22-ին Անդրկովկասյան ֆեդերացիայի հռչակման օրն էր: Զեկուցումներից մեկի բանախոսը քննության էր ենթարկել Անդրֆեդերացիայի գոյության անհնարինության ստրուկտուրալ պատճառները, ինքնութենակերտ խնդիրներ,տարածաշրջանում միֆերի եւ միֆաստեղծման հարցերը»:

Մեր զրուցակիցը կարեւորելով նման աշխատաժողովները՝ նշեց, որ արդեն իսկ առաջարկ են ստացվել հրապարակել գիտաժողովի արդյունքները միջազգային գրախոսվող պարբերականներից մեկում:

Մեր զրույցի ընթացքում մեկ այլ թեմայի էլ անդրադարձանք: «Իմ զեկուցման շրջանակում քննարկվել են այն թերի եւ թյուր թեզիսները, ըստ որոնց հայ ժողովուրդը 600 տարի կամ 6 դար չի ունեցել պետականություն, որ հայկական ազնվական ազնվականությունը մանրացվել, փոշիացվել է, որ հայկական տեղաբնիկ բնակչությունը նոսրացել է: Այս գիտականորեն ոչ հիմնավորված թեզերից օգտվում են ադրբեջանցիները: Գիտության տեսանկյունից կարեւոր էր այն, որ այս աշխատաժողովի ընթացքում քննարկման դաշտ բերվի այն, որ 600 տարվա ընթացքում պետականություն չունենալու գաղափարը միֆ է, պետականության վերաբերյալ 19-րդ դարի ռուսական ակադեմիական, պրուսական մոտեցումները՝ պետականության ընկալման վերաբերյալ, ընդամենը հնացած պատկերացումներ են, հայկական իրականության մեջ գոյություն են ունեցել թեկուզ կիսանկախ պետություններ, կիսանկախ իշխանություններ, իշխանական ընտանիքներ եւ զինական ուժ: Նաեւ պատմական անհերքելի փաստ է, որ հայ ժողովուրդն իր իսկ տարածաշրջանում, իր պատմական հայրենիքում տեղաբնիկ եղել է ու կա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Գոռ Մարգարյանի եւ աշխատաժողովի մասնակից գիտնականների լուսանկարները Գոռ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930