Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների ձևաչափին գնահատել է որպես առանձնահատուկ կարևոր և խորհրդանշական նշանակություն ունեցող իրադարձություն մեր երկրի համար։
Այս հարթակում Հայաստանի ներկայությունը վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության և միջազգային բնապահպանական օրակարգում մեր դերակատարության բարձրացման մասին։ G7-ը համախմբում է համաշխարհային օրակարգ ձևավորող առաջատար երկրներին, և այս ձևաչափում մեր ներգրավվածությունը հնարավորություն է տալիս Հայաստանի ձայնը հնչեցնել գլոբալ մակարդակում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները։
Սա ունի նաև պատմական նշանակություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) առաջիկա հյուրընկալող երկիր։ Այդ հանգամանքը մեզ պարտավորեցնում է առավել ակտիվ և նախաձեռնող լինել միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցում և ձևավորել համախմբված օրակարգ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։
Որպես COP17-ը հյուրընկալող երկիր՝ կարևոր է նման բարձր մակարդակի հարթակներում մասնակցությունը՝ երկխոսության խորացման, նոր գործընկերությունների ձևավորման և համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։
Կարդացեք նաև
G7-ի շրջանակում հաստատվող կապերն ու ձեռք բերվող պայմանավորվածությունները էական ներդրում կունենան համաժողովի արդյունավետ կազմակերպման և դրա արդյունքների ազդեցության բարձրացման գործում։
Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում՝ հանդես գալով որպես վստահելի գործընկեր և պատասխանատու հյուրընկալող երկիր։
Շրջակա միջավայրի նախարարություն


















































