Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ցույց տալ, որ Բաքվի բռնապետական վարչակարգն այս ընտրություններում ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին»․ Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 23,2026 18:16 Share

«Արման Թաթոյանի՝ ԵՄ դեսպանին ուղղված նամակում նաեւ փաստական տվյալներ էին ներկայացված։ Ես կարծում եմ՝ դա ավելի քան արդարացված ու ճիշտ քայլ է, կուզեմ, որ այլ քաղաքական ուժեր եւս հետեւեն այդ օրինակին, որովհետեւ եթե հայտարարվում է, որ պայքարում են հիբրիդային պատերազմի միջամտությունների դեմ, ապա պետք է ցույց տալ, որ Բաքվի բռնապետական վարչակարգն ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

Նշենք, որ «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ ներկայացնելով փաստեր, որ Ադրբեջանը միջամտում է ՀՀ-ում ընտրական գործընթացներին։

 «Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։

 Արման Թաթոյանը կոչ է արել ԵՄ առաքելությանը Հայաստանում՝ հրապարակայնորեն դատապարտել նշված հայտարարությունները և արձանագրել այս միջամտության առկայությունը՝ որպես Հայաստանի ընտրական գործընթացի վրա դրսից ազդելու հակաիրավական և անընդունելի փորձեր։ Ընդլայնել այն մեխանիզմները, որոնք նրանք օգտագործում են, ինչպես նշել է ԵՄ-ն, ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար։ Ներառել նաև ադրբեջանական միջամտության փորձերի բացահայտումը, հրապարակումը և հակազդումը՝ թափանցիկ և հետևողական ձևով։ Նա նաև ընդգծել է, որ արտաքին միջամտության դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի և պետք է իրականացվի անկախ դրա աղբյուրից։

 Տաթեւիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը եւս պարբերաբար հրապարակումներ է ներկայացրել, որտեղ ադրբեջանցի փորձագետներն ուղիղ ասում են, որ իրենց նախընտրած թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որ իրենք աջակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Վերջերս «Խաղաղության կամուրջ» կոչվող անհասկանալի նախաձեռնության շրջանակեներում էլ, երբ ոմանք Ադրբեջանից վերադարձել էին, էլի ասում էին, որ նրանք սպասում են ընտրությունների արդյունքներին՝ ակնհայտ ակնարկելով, որ սպասում են Փաշինյանի վերընտրվելուն։ Ակնհայտ է, թե ինչու են դա անում, որովհետեւ Փաշինյանն այն մարդն է, որն իր գործողություններով, քաղաքականությամբ բառացի կրկնում է ադրբեջանական թեզերը՝ ընդդեմ հայկական պատմության, մեր ինքնության, եկեղեցու, բանակի, ընդդեմ Արցախի հետ կապված թեմաների՝ տարբեր առումներով թիրախավորելով հայկական ինքնությունը։ Եվ դա ավելի քան ձեռնտու է Ադրբեջանին, որովհետեւ այստեղ խոսակցությունը բնավ այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություններ պետք է կառուցեն կողմերը՝ մի կողմ դնելով թշնամանքը։ Ոչ, Ադրբեջանը շարունակում է թշնամանքի լեզվով խոսել, շարունակում է զավթողական հայեցակարգերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Հենց այսօր ես իմ սոցիալական էջում հրապարակում էի արել երեկ տեղի ունեցած մի կոնֆերանսից, որտեղ Ադրբեջանից պատգամավորն ասում է՝ «մենք կվերաշարադրենք պատմությունը, եւ այնտեղ չեն լինի հայկական կեղծիքներ»։ Այսինքն՝ իրենք հայկական հետքն ամբողջությամբ մաքրում են։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը, հայոց պատմության դեմ պայքարը, ամբողջ գործողությունները տարածաշրջանում հայկական հետքը ջնջելու նպատակ են հետապնդում, որից հետո հայկական տարածքները կարող են ներկայացնել որպես ադրբեջանական։ Ադրբեջանն այսօր ասում է՝ դա մեր պատմական հողն է, դուք այդտեղ ապրում եք որպես ֆաշիստներ եւ տեռորիստներ»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ընթանում է հայ ժողովրդին պատերազմով սպառնալու զուգահեռ գործընթացը․ «Նա այնտեղ է ասում, եթե իշխանություն փոխվի, կլինի պատերազմ, սրանք այստեղ են ասում՝ եթե ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Ես վստահ եմ՝ դա համատեղ մշակված քաղաքականություն է՝ հայ ժողովրդին ահաբեկելու համար, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ հայ ժողովուրդը վերջին 8 տարիների ընթացքում տեսել է 3 պատերազմ եւ էթնիկ զտում եւ դրանից հետո շատ ավելի խոցելի է այդ սպառնալիքների առաջ։ Իրենք էլ դա մաքսիմալ փորձում են օգտագործել մեր դեմ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930