Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները». կայացել է նոր ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում

Ապրիլ 23,2026 21:05 Share

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին:

Բացմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսը, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Անտե Յոզիչը և այլք:

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, որը ներկայացրեց ցուցադրության թեմայի կարևորությունն ու նշանակությունը: Նա իր խոսքում նշեց. «Այս ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության հայ վավերագրողներին՝ մտավորականներին, հոգևորականներին, ռազմական և քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնցից շատերը անցել էին աքսորի ճանապարհը, եղել էին կատարվածի ականատեսը: Որոշեցինք ներկայացնել այն անգնահատելի աշխատանքը, որը մեկ դար առաջ կատարվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը վավերագրելու, փաստագրելու, հետագայում այն միջազգային հանրությանը ներկայացնելու և հաջորդ սերուդներին փոխանցելու համար»:

Իր խոսքում Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանին, Ֆուտուրիս արքիտեկտ ընկերությանը՝ ցուցադրության ճարտարապետական ձևավորման համար և ՄՌՆ ընկերությանը գաղափարի իրականացման համար:

Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան նոր ցուցադրությանը, որը կգործի մինչև 2027 թ. ապրիլը:

Ցուցադրությունում ներկայացված են Հայոց ցեղասպանության տարիներին (1915-1923 թթ.) հայ անհատների, հայկական հոգևոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման և արխիվային հիմնական կենտրոններով:

Փաստահավաք գործն իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին, որոնք մի կողմ դնելով անձնական ողբերգության և զոհի հուզական կողմերը՝ մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով լծվում են այդ կարևոր առաքելությանը: Վկայություններն ու վավերագրերը հայ ժողովրդի հավաքական գոյության ճակատագրական պահին ոճրագործությանը դիմադրելու, սեփական պատմությունն ու հիշողությունը պահպանելու և փոխանցելու կարևոր ցուցիչներ են։ Այս վավերագրերը՝ որպես առաջնային և հիմնարար սկզբնաղբյուր, դրվեցին Հայոց ցեղասպանության հետագա ուսումնասիրության հիմքում: Ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ վաղ հուշագրություններ, օրագրություններ, ֆոտո-դոկումենտալ նյութեր և այլն:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930