Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ անել նայել Մասիս սարին»․ Գագիկ Ծառուկյան

Ապրիլ 24,2026 14:17 Share

«Ես՝ որպես հայ, քրիստոնյա ազգ, այսօր իմ ժողովուրդն իր պայքարով, իր մասնակցությամբ հասել է նրան, որ աշխարհի արդեն 44 հզոր պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ հայերի։ Եթե մեր անցյալն ուրանանք, ապագա չենք կարող ունենալ։ Սովետաշենում կառուցել եմ Հայոց ցեղասպանության եկեղեցի, այնպես որ՝ որևէ հայ իրավունք չունի ոչ մոռանալու, ոչ ուրանալու»,-հարցին՝ կո՞ղմ եք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չդառնա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հարց, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա հիշեցրեց․ «Ասել եմ՝ ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ անել նայել Մասիս սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել։ Ստեփանակերտի տաճարը քանդում են, մենք չենք պատկերացնում, անհնար է եղել այդ մասին մտածելը»։

Լրագրողները փաստեցին՝ այս իշխանությունները Ցեղասպանության զոհերի հիշատակի հենց հաջորդ օրը «խորոված փարթի» են անելու և հարցրին՝ ինչպե՞ս կգնահատեք, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Այս օրը եկեք թողնեք հանգիստ, գիտեք, որ Ծառուկյանը երբեք չի խուսափում հարցերից»։

Վարչապետի թեկնածուներին վերաբերող բոլոր հարցերին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Լինելու է ապագայի վարչապետ, որ ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից։ Մարդկանց վիճակը ծանր է․ մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, մտածում են՝ ոնց պետք է վարկը փակեն։ Ազգովի պետք է մտածենք՝ ոնց ժողովրդին այս վիճակից հանենք։ Ով այդ փորձը, ցանկությունն ու կապերն ունի, կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք»։

Հարցրին՝ կրկին հայտարարո՞ւմ եք, որ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ամենաշատ ձայները հավաքի, նրան չեք ընտրելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ով առաջինը կլինի, նա էլ կորոշի։ Հների հետ գործ չունեմ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ մի նախկին էլ Դուք եք, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Նախկի՞ն եմ՝ ես ո՞րն եմ։ Ամբողջ կյանքս պայքարում եմ, որ իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ հանենք, երկիրը զարգացնենք»։

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930