Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գեւորգ Սուջյանը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն ապօրինի Բաքու գերեւարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սուջյանը:
«Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են: Պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը անօրինական գործողություններով է առաջնորդվում»,- ասաց Սուջյանը:
Նա նաեւ 2020 թվականին Արցախի հայաթափումը ցեղասպանությանը հավասարազոր բան որակեց. «Այդ ժամանակ պատանդի կարգավիճակում եմ եղել, ուզում եմ ասել՝ իմ համար եւս ցեղասպանության հավասար բան է, որ տեղահանվեցին մեր հայրենակիցները: Ինձ համար դա անընդունելի է, թերեւս չգիտեմ՝ քաղաքական ինչ գործընթաց կլինի այդ ուղղությամբ, դա չպետք է տեղի ունենար, դա բռնի է տեղի ունեցել: Բաքվում պահվող մեր գերիների մասով ունեմ մտահոգություններ, որովհետեւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս երրորդ կողմից հետեւել ու մասնակցել մեր գերիների առողջական վիճակին: Բժշկական օգնությունը զրո մակարդակի է: Երեկոյան վեցից հետո բժշկություն չկար հայերի համար, բուժքույր չկար: Եթե որեւէ մեկի հետ մի բան լինի, հանգիստ կմահանան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սուջյանի ֆեյսբուքյան էջից


















































