Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը Մարիա Զախարովան ուղիղ համեմատական է համարում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների քանակին։
ՌԴ-ում ո՞րն են համարում իրենց հիմնական մեղավորությունը կամ բացթողումն այն իրողության համար, որ Հայաստանում կտրուկ աճել են հակառուսական տրամադրությունները, կամ տեսնո՞ւմ են ՌԴ-ում այդ առիթով իրենց մեղավորությունն առհասարակ․ Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում հետաքրքրվեցինք Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից։
Ըստ նրա, Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը ուղիղ համեմատական է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների քանակին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մոտ կամ ավելի քան երկու հազար աշխատակիցների գոյությունը Մարիա Զախարովան ապակառուցողական գործոն է համարում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով․ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն աշխատում է երկու հազարից ավելի մարդ․ ինչո՞վ են նրանք զբաղված։ Միգուցե նրանք օգնել են Հայաստանին տնտեսական հարցերո՞վ, միգուցե զարգացնում են Հայաստանի ֆինանսատնտեսակա՞ն համակարգը։ Ոչ։ Միգուցե կամավորականի կարգավիճակում նրանք ինչ-որ արդյո՞ւնք են ապահովում Հայաստանի տնտեսության համար։ Ոչ մի նման բան։ Նրանք՝ ամերիկյան դիվանագետները Հայաստանում, զբաղված են Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունների փչացմամբ։ Նրանք սոցիալական ցանցերում են նման գրառումներ անում, դրամաշնորհներ են բաժանում՝ իրենց պատվերների իրականացման համար եւ այդպիսով վերածվում են այն սուբյեկտին, որը զբաղված է Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ»։
Կարդացեք նաև
ՀՀ իշխանությունների՝ ՌԴ-ից մեր երկրին եկող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարությունների մասին հարցին տիկին Զախարովան բազմանշանակ ժպտաց։ Հորդորեց՝ պատասխանը փնտրել նախորդ հարցին իր տված պատասխանում։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանի եւ ՌԴ ղեկավարների վերջին հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ տեղաշարժեր են եղել՝ իր գնահատմամբ։
«Հայաստանի մեր գործընկերների հետ միշտ էլ երկխոսությունը պահպանվել է, մենք երկխոսությունից երբեք էլ չենք հրաժարվել։ Մենք երբեմն զարմանքով ենք լսում մեր գործընկերների տարօրինակ, երբեմն ագրեսիվ հայտարարությունները։ Բայց մնում ենք այն կարծիքին, որ եթե կան ուշադրություն պահանջող հարցեր, պետք է օգտվել, օգտագործել այն կապերն ու հնարավորությունները, որոնք առկա են երկու պետությունների միջեւ․ իսկ դրանք կան՝ դեսպանատներն են աշխատում, արտաքին գերատեսչությունները, նախագահական ապարատների միջեւ համապատասխան կապեր կան»,- ասաց Մարիա Զախարովան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա


















































