Լրահոս
Օրվա լրահոսը

14 դատական նոր հայց լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը

Ապրիլ 27,2026 12:46 Share

«2026-ի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2026-ի առաջին եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Առաջին եռամսյակի ընթացքում, ընդհանուր առմամբ, բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30 է, ընդ որում՝ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում, 22-ը տարատեսակ ճնշումներ: Դրանք կարող են լինել սպառնալիքներ, ֆեյսբուքյան վիրավորանքներ, զրպարտություն եւ այլն: Հետաքրքիրն այն է, որ ԽԱՊԿ-ի արձանագրած այդ սպառնալիքները, վիրավորանքները 8-ն են, որից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, ինչը բավականին մտահոգիչ փաստ է:

Եռամսյակի ընթացքում ավելացել է դատական գործերի քանակը: Դատական հայցերի ինտենսիվ հոսքը՝ ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների պահպանվել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ եւ ֆիզիկական բռնությունների, եւ տարատեսակ ճնշումների, եւ հատկապես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների առումով շեշտակի նվազում է արձանագրվել»,- ասաց Մելիքյանը՝ հղում անելով ԽԱՊԿ զեկույցին:

«Այս եռամսյակի ընթացքում ընդամենը 1 ֆիզիկական բռնության դեպք է եղել՝ անցյալ տարվա 2-ի համեմատությամբ, տարատեսակ ճնշումները լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ այս եռամսյակում 22-ն են, իսկ անցյալ տարի դրանց թիվը 25 է եղել, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը 7-ն են՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 29-ի համեմատությամբ: Այս թվերը վկայում են մեծ տարբերության մասին»,-նշեց Աշոտ Մելիքյանը՝ առաջին եռամսյակը համարելով հարաբերականորեն հանգիստ:

Նա մանրամասնեց, որ այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ 14 նոր դատական հայց է արձանագրվել, մինչդեռ դրանց թիվն անցյալ տարի 13 էր: Աշոտ Մելիքյանը մանրամասնեց, որ հայցերի կեսը պաշտոնյաների կողմից է ներկայացված, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, 2 հայց էլ լրագրողներն են ընդդեմ լրագրողների ներկայացրել, դատական հայցերից մեկն ընդդիմադիր գործչի կողմից է ներկայացվել, 3-ը քաղաքացիների: Բոլոր դատական գործերը վիրավորանքի կամ զրպարտության համար են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930