ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հարցերով մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի։
Ընդգծվեց բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքների և փորձի առանցքային նշանակությունը կենսաբազմազանության պահպանման գործում։ Անդրադարձ կատարելով 2026թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ շեշտվեց, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունն է ապահովել ներառական և մասնակցային համաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների լիարժեք ներգրավմամբ։
Նշվեց, որ Հայաստանը, որպես COP17-ի նախագահություն, հանձնառու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի կանոնակարգի (modus operandi) շուրջ կառուցողական և արդյունքահեն քննարկումների ապահովմանը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն


















































