Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա ընթացքում դպրոցի սաներն ուսումնասիրել էին ու տեղեկություններ տվեցին Հայոց երկրի տարբեր վայրերի մասին՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Սյունիք, Լոռի եւ այլն

Ապրիլ 27,2026 16:09 Share

«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»:

 Գարեգին Նժդեհ

 2020թ․ սեպտեմբերին սկսված Արցախյան կործանիչ պատերազմում պարտությունը նաև դաս եղավ մեզ համար։ Նույն պատերազմին մասնակից ու ազգային գաղափարներով մտահոգ, հայրենասեր որոշ անհատներ, խմբեր հիմնեցին տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց նպատակն է աշխատել մատաղ ու երիտասարդ սերնդի հետ՝ նրանց մեջ սերմանելով հայի արժեհամակարգին արժանի մտածողություն։

Նման կառույցներից է «Բարձունք» կրթական-կամավորական շարժումը, որի հիմնադիրն է Գեղամ Օհանյանը՝ համախոհների հետ։ Հիմնելով կազմակերպությունը՝ հիմնադիրները մշակել են 20-ամյա ռազմավարական պլան, որի շրջանակներում իրականացվում և իրականացնելու են տարբեր կրթական ծրագրեր։ Ամռան ընթացքում կազմակերպում են ճամբարներ՝ հայրենի եզերքը ճանաչելու, սիրելու, տեղում կողմնորոշվելու նպատակներով։

Կրթական ծրագրերից է նաև «Հայքի շառավիղներ» ազգային-քաղաքական դպրոցը, որն իրականացնում է հայ մարդու կերպարի վերակերտման առաքելությունը՝ միավորելով ազգային ինքնագիտակցությունը քաղաքական մտածողության հետ։ Մեկամյա այս ծրագրում դպրոցի սաները հիմնականում ուսումնասիրել էին իրենց նախնիների բնակավայրերի մասին և դասախոսություններ ներկայացվեցին ապրիլի 24-ին՝ ոչ պատահական օր, «Բարձունք»-ում։

Ընդհանուր 15 սաներից շատերի նախնիները բնակվել են Արևմտյան Հայաստանում, Արցախում և տարբեր իրավիճակներից ելնելով՝ տեղափոխվել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններ, Երևան։ Մեծ Հայքի տարբեր տարածքների մասին նկարագրական աշխատանքներ ներկայացրեցին 12 հոգի, յուրաքանչյուրը՝ իր արմատներին համապատասխան տարածաշրջանը՝ վեր հանելով տվյալ գավառի կամ քաղաքի ռազմավարական, պատմական և մշակութային նշանակությունը։

Միջոցառմանը ներկա էր դպրոցի հրավիրյալ դասախոսական կազմը՝ տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, ովքեր ուսումնական փուլի ընթացքում ուղղորդել են սաներին զարգացնելու իրենց վերլուծական կարողությունները։ Սկզբում եղավ լռության րոպե․ ներկաները Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հարգեցին հոտնկայս։

Իր ողջույնի խոսքում ծրագրի մասին ներկայացրեց «Բարձունք»-ի հիմնադիր-նախագահ, կիբեռնետիկ, հանրային գործիչ Գեղամ Օհանյանը։ Շնորհակալություն հայտնեց «Հայքի շառավիղներ»-ի սաներին, որ սիրով են մասնակցել ծրագրին, դասախոսներին, ովքեր նվիրումով են աշխատել երիտասարդների հետ։

Աշխատանքները ներկայացնելու ընթացքում դպրոցի սաներ-բանախոսներին, ովքեր տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, շատերը՝ ուսանողներ, հարցեր ուղղեցին ծրագրում ընդգրկված դասախոսները՝ քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։

Մեկ տարվա ընթացքում դպրոցի սաներն ուսումնասիրել էին ու տեղեկություններ տվեցին Հայոց երկրի տարբեր վայրերի մասին՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Սյունիք, Լոռի և այլն։ Ինչպես նշեցին «Բարձունք»-ի ներկայացուցիչները․ «Այս տարվա ապրիլի 24-ը դպրոցի սաների համար դարձավ ոչ թե լոկ հիշատակի, այլ գիտակցված պատասխանատվության օր։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր տարածաշրջանի մասին գիտելիքը և սեփական արմատների հետ կապը այն ամուր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի վաղվա ազգային պետությունը։ Սա «Ապրելու Ապրիլ» է՝ միտված հարատևմանը և Հայքի ամբողջականության վերականգնմանը»։

Միջոցառման ընթացքում հայ ազգագրական պարերով ելույթ ունեցան «Հայքի շառավիղներ»-ի սաներն ու ներկա երիտասարդներ։ Վերջում, հիմնական դասախոսական կազմի ստորագրությամբ, «Հայքի շառավիղներ» ազգային-քաղաքական դպրոցի սաներին տրվեց հավաստագիր՝ դպրոցի մեկամյա կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար։ Ծրագիրը շարունակական է, և այս տարվա ընդունելության հայտերը բաց են մինչև մայիսի 12-ը։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930