Aravot.am-ի «Այլ օրակարգ» հաղորդման հյուրը «ՀայաՔվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն է
«Ամբիցիաները կարեւոր են քաղաքական գործչի համար, բայց այնքան չէ, որ կուրացնեն մարդուն։ Մենք եթե այդքան ամբիցիաներ ունենայինք, այսօր ընտրություններին 20 ուժ կմասնակցեր․ մենք էլ կմասնակցեինք, կասեինք՝ միայնակ կգնանք առաջ»,- Aravot.am-ի «Այլ օրակարգ» հաղորդման ժամանակ ասաց «ՀայաՔվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ «ՀայաՔվեն», փաստորեն, առաջիկա ընտրություններին չի մասնակցելու։
Ի սկզբանե ազդարարել էիք, որ դաշինքներով եք գնալու, «Միասնության թեւեր» դաշինքի հետ համագործակցությունը թեեւ պատճառաբանվեց, բայց կուլիսներում խոսում են, որ ամբիցիաները խանգարեցին։ Նույն պատճառով նաեւ «Ուժեղ Հայաստանի» հետ միավորման չկայանալն են քննարկում կուլիսներում։ Ինչո՞ւ են «ՀայաՔվեում» այդքան ամբիցիոզ։
«Միավորման մասին բանակցություններ տարել ենք միայն «Միասնության թեւերի» հետ։ «Միասնության թեւերը» մնում է մեր գործընկերը, մեզ համար շատ կարեւոր է նրանց հաջողությունն այս պայքարում․ մենք այդ մասին հայտարարություն տարածել ենք՝ ծրագրային բնույթի տարաձայնությունների պատճառով չստացվեց մեր միասնական հանդես գալը՝ նախընտրական միավորման շրջանակներում»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասներով՝ «ծրագրային՝ էական բնույթի տարաձայնություններ կային»։
Կարդացեք նաև
«Մեր ծրագրային տարաձայնությունները վերաբերվում էին խաղաղության գործընթացին եւ TRIPP-ին։ Ոչ թե մեկը կողմ էր, մյուսը՝ դեմ, այլ դիրքորոշումների ձեւեր գոյություն ունեն, որոնց շուրջ առկա են տարաձայնություններ։ Դիրքորոշումների արտահայտման ձեւեր գոյություն ունեն, բովանդակային առումով նաեւ, բայց ավելի շատ արտահայտչաձեւեր գոյություն ունեին, որոնք որ որոշակիորեն խնդրահարույց են»,- մանրամասնեց Մենուա Սողոմոնյանը՝ թեմային առավել մանրամասն անդրադառնալ չցանկանալով՝ ելնելով այն սկզբունքից, որ նախընտրական փուլում ընդդիմադիր ուժի նկատմամբ քննադատություն չհնչի։
«Այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն։ Սրանք արժեքային ընտրություններ են՝ հայ լինելու-չլինելու, քրիստոնյա լինել-չլինելու, անգամ մարդ լինելու-չլինելու ընտրություններ են։ Այս ընտրություններում մարդկայնության թեսթ է նաեւ անցկացվում․ ինչպիսի՞ մարդ ես դու լինելու, ինչպիսի՞ մարդ է քեզնից կերտելու քո պետությունը»,- կարծում է Մենուա Սողոմոնյանը։
Մեր զրուցակիցը նաեւ հավելում է․ «Ուժեղ Հայաստանի» կամ այլ ուժի հետ միավորվելու եւ նախընտրական միավորով հանդես գալու խնդիր չի դրվել։ Խոսքը գնում է «ՀայաՔվեի» կողմից կամ մեկ ընդդիմադիր ուժի աջակցելու մասին, կամ՝ ամբողջ ընդդիմությանն աջակցություն ցույց տալու մասին։ Սրա վերաբերյալ եւ կոմունիկացիայի մեջ ենք, նաեւ՝ ներքին քննարկումների մեջ ենք։ Շատ շուտով հանրությունը կիմանա մեր վերջնական որոշման մասին։ Մենք շատ ակտիվ կմասնակցենք եւ, բնականաբար, կդիրքավորվենք ընդդիմադիր դաշտում։ Աջակցությունը տարբեր կարող է լինել․ կաշխատենք մեր հետեւորդներին, մեզ լսող մարդկանց, չկողմնորոշված մարդկանց հնարավորինս շատ բերել ընտրատեղամաս, որովհետեւ Փաշինյանի պարտվելու համար մեզ հիմա մեծ մասնակցություն է անհրաժեշտ»։
«Այն քաղաքականությունը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, հավաքական ինքնություն չունենալու մասին է։ Ինքն ասում է՝ պարզապես ապրեք։ Որպես անհատ, ընդունում է մարդու որոշակի իրավունքներն այնքան, մինչեւ իր քաղաքական ոտքը չի տրորվում, իսկ երբ խոսում ենք հավաքականության մասին, ասում է՝ ոչ մի իմաստ չունի ձեր հավաքականությունը։ Հավաքական հիշողություն, նպատակներ, ասում է՝ մի ունեցեք։ Երբ մեզ զրկում է մեր հավաքական անցյալից եւ հավաքական ապագայից, մեզ դարձնում է պարզապես սպառողների մի բանակ։ Մեր պետությունն այսօր ասում է՝ որպես հավաքականություն, որպես ժողովուրդ, դուք ինձ պետք չեք, պետք չեք, որ գոյություն ունենաք այդ ձեւաչափով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ապրիլքսանչորսյան միջոցառումների կիսատ լուսաբանումը Հանրային հեռուստաընկերության կողմից, ամսի 25-ին իշխանության կազմակերպած «խորոված փարթին» եւ «տժժալը» հենց այն մասին է, որ պատմական հիշողությունն այս իշխանության համար կարեւոր չէ։
«Ցեղասպանության հիշողությունը մեզ պետք է ոչ թե որպես զոհ բարդույթավորվելու համար, այլ այդ հիշողությունը մենք մեկընդմիշտ պետք է ունենանք՝ ապագան արժեւորելու համար, ուժեղ պետություն ունենալու համար, անվտանգության առումով ինքնաբավ լինելու համար։ Որքան անցյալդ ջնջում ես, այնքան ապագադ մշուշոտ ես դարձնում»,- ասում է ընդդիմադիր գործիչը։
Նրա տպավորությամբ, գործող իշխանությունները սկզբունքորեն, դեռեւս աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների համար ձեռնտու իշխանություններ են, այն իմաստով, որ իրենք Հայաստանը դարձրել են հարմարվող, համակերպվող, իր իրավունքների համար չպայքարող պետություն․ «Իսկ դա նշանակում է, որ երբեմն՝ ըստ անհրաժեշտության, այդ պետությունն իր գործընկերոջից չի պահանջում իր պայմանագրային պարտավորությունների կատարումը»։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ է այդքան նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը, եթե հարմար է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին, պիտի հանգիստ լիներ, մինչդեռ նյարդային դրսեւորումներ է ունենում, պատասխանեց․ «Ինքը հասկանում է, որ հարմար չէ հայ ժողովրդի համար․ կարող է հարմար լինել Եվրոպայի համար, ԱՄՆ-ի համար, Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, Մոսկվայի համար, բայց ոչ հայ ժողովրդի։ Հայ ժողովուրդն այսպիսի առաջնորդ չի ուզում, որը որ պետության ինստիտուցիոնալ համակարգը քանդում է ներսից»։
Մայիսի 4-ին Երեւանում անցկացվելիք ԵՄ գագաթաժողովը, մեր զրուցակիցը համարում է քաղաքական ակցիա է՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի․ «ԵՄ մայրաքաղաքներում շատ լավ գիտեն, որ Հայաստանում ժողովրդավարության առումով ամենախայտառակ վիճակն է անցած 30 տարիների համեմատ, ընտրովի արդարադատություն է, ՀԱԵ դեմ խայտառակ արշավը, մամուլի նկատմամբ ճնշումները, հետապնդումները, քաղաքացիների նկատմամբ անհանդուրժողականությունը, պիտակավորումները եւ այլն։ Գիտեն եւ լռում են, որովհետեւ աշխարհն այնպիսինն է, որ ԵՄ-ի քաղաքականությունը ոչ թե արժեքների, այլ շահերի վրա է հիմնվում։ Իսկ այդ շահերից գլխավորը հիմա հետեւյալն է, որ հայ ժողովրդի ինքնության հետ որոշակի ինժեներիա կատարվի, որ այստեղ լինի թուրքական գծի ներքո՝ հարմարվող, չպայքարող պետություն, որը կհակադրվի ռուսական գծին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































