Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Վարդապետյան, ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով, անցած տարի դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին»

Ապրիլ 29,2026 15:15 Share

«Տիկին Վարդապետյան, ձեր զեկույցում հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ ձեր հաշվետվությունը, մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման դեպքը բավարար է։ Մի բան ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով, անցած տարի դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին եւ կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արթուրին, սուտ փաստեր եք հրապարակել։ Ասել եք, որ ինչ-որ աստղիկներ կան, որոնք անիվներն են ծակել, հիմա դատն է գնում, չկա այդ փաստը։ Խոսում եք գյուլլելու մասին, պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացրել եք»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը Վարդապետյանին փոխանցեց նաեւ կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի հարցերը։ Հարցերից մեկը հետեւյալն է՝ «ինչի՞ն է վերաբերում հանրահայտ երկու հոգու գյուլլելու եւ 15 հոգու բանտ դնելու այդքան չարչրկված արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի՞ ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով ու ջանասիրությամբ դարձրեցիք այս գործի առանցքը»։

Աննա Վարդապետյանն ասաց․ «Հուսով եմ ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որոնք ձեր հարցի անվան տակ թաքցրել եք։ Ինձ համար պարզ է նպատակը՝ դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, ես իջնեմ այդ մակարդակի, սկսեմ վիրավորել ձեզ, եւ դառնա այն, ինչի մեջ դուք շատ հմուտ եք, բայց ես նման բան չեմ արել ու չեմ անելու։ Ոչ վիրավորելու եմ, ոչ էլ համբերությունից դուրս եմ գալու, ուրիշ մեթոդ գտեք։ Մեղադրյալ Գալստանյանը, եթե այդքան ուզում է, որ ապացույցները հետազոտվեն, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել, եւ իրենք իրենց բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Եվ ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեղադրյալի հարցաքննություն Ազգային ժողովում պետք է քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվեն, դրա օրինակները կան»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Տիկին Վարդապետյան, դուք եք մեզ վիրավորել՝ սուտ տեղեկություններ տալով, դուք Սարգսյան Արթուրին խայտառակ եք արել, Բագրատ սրբազանի հեղինակության հետ եք խաղացել։ Դատաքննության հետ կապված՝ մի հատ եկեք դատարան, տեսեք՝ այնտեղ ժամանակ շահելու հարց չկա, 18 արդարի տարել նստեցրել եք դատարանի դահլիճում ու ասում եք՝ շատ արագ։ Իրենք են ամենաշահագրգիռը, որ դատաքննության ժամանակ այդ փաստերը մեջտեղ գան, որովհետեւ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, գաղտնալսել են, մոնտաժել են։ Դուք էլ ԱԺ ամբիոնից ՔՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արթուրին պետք է կալանավորել»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930