Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնումենտի առանձնատները պահանջում ենք որպես ապօրինի գույք»․ Աննա Վարդապետյան

Ապրիլ 29,2026 15:56 Share

«Մոնումենտի առանձնատների մասով մենք երկու ուղղությամբ ենք աշխատանք իրականացնում։ Մենք ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով դրվագներ, որտեղ այդ թվում՝ այս առանձնատները պահանջում ենք որպես ապօրինի գույք։ Եվ մյուս ուղղությունը 2018 թվականին նախաձեռնված եւ մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթն է, որով մենք այս տարի պլանավորում ենք, որ հանրությանը կիրազեկենք որոշակի առաջընթացի մասին։ Վարույթը բավականին ծավալուն ու խճճված է, կոնկրետ ինձանից ժամանակ է պահանջվել՝ վարույթի տրամաբանությունը եւ մեղադրանքի ստրատեգիան հասկանալու համար»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց՝ այո, քննությունը շատ ուշացած է, բայց գոնե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով այս առանձնատների մի ստվար զանգված դատախազության տեսադաշտում է գտնվում։ «Եվ մենք կարծում ենք, որ մեր ուժը կպատի՝ մինչեւ այս տարվա վերջ նաեւ քրեական վարույթով ունենալ առաջընթացներ։ Մի շարք անձանց վերաբերյալ, ովքեր այս տարածքներում ունեն առանձնատներ, մենք գործերն ուղարկել ենք դատարան»,- հավելեց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն անդրադարձավ նաեւ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գործարքին։

«Ես անցած տարի բարձրաձայնեցի Հովիկ Աբրահամյանի առանձնատան թեման, որը որ մեկ գիշերում անհասկանալի հանգամանքներում արգելանքից հանվել էր և վաճառվել, օտարվել այսօրվա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող մի գործարարի: 2022 թվականից այս գործը, այս վարույթը քննվում է: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ կան, որ արդեն չորս տարի հնարավոր չի բացահայտել, – հարցրեց Թագուհի Թովմասյանը,-Երկրորդ, նույն գործարարին առնչվող՝ «Գոլդեն փելիս» հյուրանոցը: Պետությունը երբ որ նվիրատվությամբ ստացավ այդ հյուրանոցը Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարից՝ Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց, պետությունը այն գնահատեց 15 միլիարդ 800 միլիոն դրամ: Բայց հանկարծակի, կամ չգիտեմ ինչ հանգամանքներում նույն Նարեկ Նալբանդյանը՝ նույն իշխանությունների սիրելի գործարարը, նույն գույքը գնեց 5 միլիարդ դրամով, այն էլ՝ մարելու տարբերակով: Ո՞նց դա տեղի ունեցավ, բա այդտեղ պետական շահը չի ոտնահարվե՞լ»:

«Ձեր բառերով ասած սիրելի գործարար մասին, որ նշում էիք, ես ենթադրում եմ՝ ճիշտ եմ հասկանում ում մասին է խոսքը, […] քրեական վարույթ է քննվում ոչ միայն Ձեր կողմից նշված հանգամանքների հետ կապված, այլև մի շարք այլ արարքների հետ կապված, որոնք, մեր նախնական գնահատմամբ, փողերի լվացման հատկանիշներ են պարունակում», – պատասխանեց գլխավոր դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930