Լրահոս
Օրվա լրահոսը

«65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը». ԱԺ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական փաթեթ

Ապրիլ 29,2026 16:08 Share

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում կատարել ենք փոփոխություն, որը վերաբերում է տարիքային շեմը սահմանող դրույթին: ՀՀ մի շարք օրենքներում կան սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձն աշխատանքից ազատվում է: Ներկայում ունենք առողջության եւ կյանքի տեւողության բարելավում եւ կարծում ենք, որ 65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ փոփոխությունը կատարելիս հաշվի է առնվել նաեւ ժողովրդագրական իրավիճակը: Հայաստանի, ինչպես եւ աշխարհի շատ երկրների հասարակությունը ծերացող է եւ 65 + տարիքային խումբն ավելին է, քան մինչեւ 15 տարեկանի խումբը: Արդյունքում՝ ամեն տարի նկատվում է աշխատաուժի կրճատում, խնդիրներ են առաջանում նաեւ աշխատաշուկայում: Փոխնախարարը նշել է, որ փորձառու մասնագետին, որը ներկա պահին իրականացնում է իր աշխատանքը, չպետք է տարիքով պայմանավորված ազատել աշխատանքից: Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ ուժային ոլորտներում պաշտոն զբաղեցնող անձանց համար շարունակում է գործել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը սահմանող դրույթը՝ ոլորտային առանձնահատկությամբ եւ աշխատանքի բնույթով պայմանավորված:

Կառավարությունն առաջարկում է կատարել եւս մեկ փոփոխություն եւ սահմանել, որ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի եւ դաստիարակության համար:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելուն վերաբերող կարգավորումները կտարածվեն նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված ծառայողների վրա: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ հարցի լայն իրազեկումը:

Եզրափակիչ խոսքում փոխնախարարը նշել է՝ Կառավարության ցանկությունն է, որպեսզի աշխատանքային իրավունքի հիմքում լինի աշխատանքի արդյունավետությունը, եւ խտրականությունը պայմանավորված չլինի տարիքով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի արտահերթ նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930