«Այս գործով վարույթի մասնակիցների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ հետագա իրավական հիմնավորումները հենց դրանից են բխելու»,- «18 արդարների» գործով նիստում այսօր հայտարարեց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հստակեցնելով, որ քաղաքական հետապնդումը արգելվում է մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայով։
Պաշտպանական կողմն այսօր բացման խոսքով հանդես եկավ։
Այս գործընթացին, ըստ Հովհաննես Խուդոյանի, մասնակից է եղել նաեւ ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ դատախազությունը՝ կեղծ ապացույցներ ներկայացնելով դատարան։ Հայտարարեց՝ գլխավոր դատախազն անձամբ է ներգրավված եղել մարդկանց վարկաբեկելու, զրպարտելու գործին․ «Բացառապես քաղաքական շարժառիթ եւ քաղաքական թիրախ է եղել, նպատակը՝ քաղաքական իշխանությանը հաճոյանալն է։ Այս գործով մասնակից է նաեւ դատարանը՝ աչք փակելով ներկայացված կեղծ ապացույցների վրա։ Դատավորին բազմիցս է բացարկի միջնորդություն ներկայացվել դրա համար»։
Հովհաննես Խուդոյանը հավելում է՝ ՀՀ քննչական կոմիտեն եւ գլխավոր դատախազությունը հովանավորել են ոստիկանների կատարած բռնությունները․ այս գործով որեւէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել։ Անգամ չկա որեւէ գործ, որ ենթադրենք, «տաքացած ոստիկան է եղել, ուժ է կիրառել ցուցարարի նկատմամբ» ու իր վերադասն անտեղյակ է եղել։ Պաշտպանը հայտարարեց՝ այս գործով բազմաթիվ «արյունլվիկ» եղած ցուցարարներ կան, ոստիկանների կիրառած բռնի, ոչ համաչափ ուժի արդյունքում մեկ անձ կորցրել է անգամ ձեռքի մատները։
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձավ նաեւ գործով ապօրինի գաղտնալսմանը, որը ՀՀ ՔԿ-ն հրապարակեց՝ մոնտաժված։ Գործում քաղաքական շարժառիթի առկայության վառ ապացույց, ըստ նրա, այն է, որ ՔԿ-ն որոշեց իր մոնտաժած ձայնագրությունը նաեւ հրապարակել անգլերեն տարբերակով։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































