Այսօր շարունակվեց «Սրբազան շարժման» անդամների կամ, ինչպես հայտնի է, «18 արդարների» գործով դատավարությունը։
Այս գործով անցնող բոլոր մեղադրյալների պաշտպանները հերթով հանդես եկան բացման խոսքով։
Ամբաստանյալ Արսեն Արմենի Ղազարյանի պաշտպան Արայիկ Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանին հարց ուղղեց, թե այս գործով իրավասո՞ւ է դատավարություն իրականացնելու, որովհետև, ըստ նրա, մեղադրանքի մեջ գրված է, որ շարժման նպատակը եղել է կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, իսկ առաջին ատյանի դատարանը հանրային իշխանության մարմին է։
«Եթե ավարտին հասցնեին այս գործողությունը, հիմա դուք այս գործով տուժո՞ղ եք, թե՞ չէ, եթե այս արարքների նպատակը Ազգային ժողովում կառավարության լիազորություններին ապօրինի տիրանալն էր, Ազգային ժողովի պատգամավորներին ու կառավարության անդամներին այս գործով տուժող պիտի ներգրավե՞ն։ Ներգրավո՞ւմ են, չե՞ն ներգրավում, ասեք, իմանանք»,- հարցրեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Դատավորը փաստաբանին ասաց, որ սա հարցուպատասխանի փուլ չէ, այլ պարզաբանման փուլ է։
Պաշտպանները պնդում էին, որ իրենց վստահորդները ենթարկվում են ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդման, ներկայացված մեղադրանքը կեղծ է և շինծու, հետևաբար՝ նրանք չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը։
Փաստաբանների խոսքից հետո դատարանի դահլիճում պարբերաբար ծափահարություններ էին հնչում։
Իգոր Թադևոսի Սարգսյանի պաշտպաններից մեկն ասաց․ «Հարգելի դատարան, 10 ամիս է՝ մասնակցում եմ «Արդարների գործով» դատական նիստին, 10 ամիս է՝ դիրքորոշում եմ հայտնում այս քրեական շինծու փաստերով ու կեղծիքներով կարված քրեական գործի մասին, 10 ամսվա ընթացքում արտահայտած իմ դիրքորոշումը ընդունեք որպես բացման խոսք»։
Իգոր Սարգսյանի պաշտպանները նշեցին, որ չկա որևէ ապացույց, որ իրենց պաշտպանյալը կարող էր կատարած լինել իրեն մեղսագրված արարքը, և որ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում։
Ըստ նրանց՝ մեղադրող կողմը փորձում է իրավական հետևանքներ առաջացնել գոյություն չունեցող փաստերի նկատմամբ․ կա 34 ցուցմունք, որոնք, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորում Իգոր Սարգսյանի կողմից կատարված արարքները։
Նրանք բարձրաձայնեցին, որ մեղադրանքում խոսք է գնում 2000-ից ավելի անձանց մասին, որոնք չեն նույնականացվել, չեն գտնվում մեղադրյալի կարգավիճակում։
Ըստ փաստաբանների՝ մեղադրյալների միջև տարբերություն դրված չէ, և եթե որևէ մեկի նկատմամբ պիտի կիրառվի բացակայելու արգելքը, ապա բոլորի նկատմամբ պիտի կիրառվի, և 2000 մեղադրյալների առկայությունը պիտի այստեղ փաստվի, որը չկա։
Փաստաբանները նշում էին, որ կրակոցներ, պայթյուններ առաջացնելու միջոցները մինչև օրս հայտնաբերված չեն, ակնհայտ է, որ «Սրբազան շարժման» անդամները չեն ցանկացել բռնություն գործադրել, երբ նրանց կողմից հայտարարված էր, որ ճանապարհ տալու են շտապօգնության մեքենաներին։
«34 հոգի ցուցմունք են տվել, ինչի՞ մասին, ոչ մի բանի»,- ասաց փաստաբաններից մեկը։
«Եթե կա 2000 անձ, ուրեմն համակարգող պետք է լիներ, չկա այդ համակարգողը, չենք հասկանում մինչև վերջ, թե ով պետք է լինի համակարգողը, ոչ էլ ցուցմունքներով է նշվում, թե ով է համակարգողը»,- շարունակեց փաստաբանը։
Արթուր Սարգսյանի և Կարո Օկումուշյանի պաշտպանն էլ, խոսելով սույն քրեական գործով բոլոր մեղադրանքների անհիմն ու ապօրինի լինելու մասին, ասաց․ «Ստեղծվել է բուտաֆորիա, ըստ որի՝ իբր ձեռք են բերվել իշխանությունը զավթելու պայմաններ, մինչդեռ իրականում նման հանգամանքներ առկա չեն»։
Ըստ նրա, հանրային մեղադրողները չեն հիմնավորել յուրաքանչյուր ապացույցի նշանակությունը յուրաքանչյուր մեղադրյալի արարքի շրջանակում, ապացույցներ փաստացի չկան։
«Քրեական հետապնդման շարունակելը պայմանավորված չէ իրավական նպատակներով, այլ ունի բացառապես քաղաքական շահագրգռվածություն՝ ուղղված քաղաքական ընդդիմախոսների մեկուսացմանը և նրանց նկատմամբ ճնշման գործադրմանը։
«Սրբազան պայքար» շարժումը դուրս չի եկել խոսքի, հավաքների ազատության սահմաններից, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա, այս գործը ներկայացվում է իբր թե իշխանությունը զավթելու փորձ, մինչդեռ նման ծրագիր չի եղել և խոսք չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ է թույլատրվում մասնակցել հանրահավաքների, իսկ դրանք եղել են օրինական և խաղաղ։
Փորձաքննություն չի նշանակվել, բացի այդ, ձայնագրությունները մոնտաժված են, զրուցակիցների խոսքերը ներկայացված են ոչ ամբողջական։
«Սրանք օրինական գործողություններ են և չեն կարող նույնացվել իշխանությունը զավթելու հետ։ Մեղադրանքը ոչ թե փաստերի հիման վրա է, այլ ենթադրությունների»,- ասաց փաստաբանը։
Տիգրան Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը, որ չեն ընդունում մեղադրանքը, այն ունի քաղաքական բաղադրիչ և համարում են, որ առհասարակ գործ չունեն հանցավոր արարքի հետ։
Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ որևէ զրույցի չի մասնակցել իր պաշտպանյալը։ Ըստ նրա, զրույցը հանցավոր բնույթ չունի։
«Միակ բանը, որ հայտնաբերվել է, ծուխերն են, պիտի հիշեցնեմ, որ դրանք հայտնաբերվեցին 8 տարի առաջ՝ Ազգային ժողովի ամբիոնում, այն ժամանակվա Ազգային ժողովի երկու պատգամավորներ ծխապատում իրականացրեցին՝ քաղաքական գործընթացի մեջ ակցիա անելով։ Խոսքը վերաբերում է Արարատ Միրզոյանին և Լենա Նազարյանին։
Այդ օրից սկսած՝ ծուխերը քաղաքական գործընթացների բովանդակություն էին կազմում, շատ հաճախ քաղաքական ուժերը ծուխերը օգտագործում էին իրենց նպատակների համար։
«Սրբազան շարժման» ընթացքում, կարծում եմ, կարելի է համարել ապացույցների ոչ ենթակա հրապարակային փաստ է, տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, երբ օգտագործվում են այդ ծուխերը»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ հենց փոքր քաղաքական միջոցառում է արվում, այդ ծուխերը օգտագործվում են։
Փաստաբանն ասաց, որ գաղտնալսման մեջ միակ փաստը, որը քննչական մարմինը ունի իր պաշտպանյալի նկատմամբ, այն է, որ ենթադրյալ զրույցում նա խնդրում է՝ կարո՞ղ ես տրամադրել ծուխեր, իսկ այդտեղ որևէ ապօրինի բան չկա։
«Որևէ ապօրինի բան ծուխ տրամադրելու մեջ չի կարող լինել։ Ծխով իշխանությունը ո՞նց կարող ես վերցնել, եթե մարդկանց թվում է, թե 2018 թվականին ծխով իշխանություն վերցրեցին Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը, ապա ես ասում եմ՝ չի եղել նման բան»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Դատական նիստն ամբողջությամբ ստորև՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































