«Մենք ասում ենք, որ մենք պետք է լինենք ծառայող առաջնորդ, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ մենք ուզում ենք իր մոդելով շարժվել առաջ։ Այսինքն, մեր թիմերում, գործընկերների, հարազատների, հաճախորդների, բոլորի համար կոնկրետ ծառայություններ մատուցել, մեր վերաբերմունքով, մեր պահվածքով լինել լավ օրինակ։ Ու առաջնորդվել Հիսուսի մոդելով՝ խոնարհությամբ, իհարկե, նաև ուժով։
Այսինքն, մենք պետք է իմանանք մեր չափը, թե որտեղ ինչ ենք անում, ոնց ենք անում։
Հիսուսը նաև ստեղծեց գործարարների խումբ, որոնք գնացին, ամբողջ աշխարհում քրիստոնեություն տարածեցին, և քրիստոնեությունը դարձավ աշխարհի ամենատարածված, միակ ճշմարիտ կրոնը։ Եվ փառք Տիրոջը, որ մեզ շնորհ արեց», -ասվեց «Քրիստոնյա գործարարների միության» մեկնարկը հայտարարելու առիթով հրավիրված միջոցառման ժամանակ։
Այս միությունն իր ամբողջ ներուժը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Հայաստան աշխարհին ծառայեցնելու, աշխարհի քրիստոնյա գործարարների ներուժը Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու և միասնական մեծ համայնք ստեղծելու նպատակներ ունի։
ՔԳՄ-ի համահիմնադիր, Esterox ընկերության հիմնադիր, «Ապրիլ» նախաձեռնության հեղինակ Արմեն Ադամյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Գործարար ասելով՝ մենք հասկանում ենք ոչ թե բիզնեսի մարդ, ոչ թե ինչ-որ մասնագիտություն, այլ գործ արարող։ Մարդ, որն իր տեսլականով, իր աշխատանքով ազդեցություն է ունենում ուրիշների վրա։
Մեր այս համայնքը, միությունը ոչ թե սովորական կազմակերպություն է լինելու, այլ միջավայր, որտեղ մենք փնտրելու ենք ոչ թե մեր անձնական շահը, այլ փնտրելու ենք մեր փոխակերպումը։ Սա մի միջավայր է լինելու, որը սովորեցնելու է մեզ, որ աճենք մեր հավատքի մեջ, որ կոփի մեզ, մեր բնավորությունը, ինչպես նաև սովորեցնի տանել Բարի պատերազմը։ Եվ Բարի պատերազմը ոչ թե մեր ու այլ մարդկանց միջև է, այլ վախի, մեղքի ու միջակության դեմ է։
Մեզ համար որպես առաջնորդ, գերագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է, որը ոչ թե առաջնորդեց իշխելով, այլ՝ սիրելով, ոչ թե տիրելով, այլ՝ ծառայելով։ Եվ Քրիստոսը երբեք չփնտրեց իր փառքը, այլ փնտրեց Հոր կամքը։ Մեզ համար դա շատ կարևոր օրինակ է։ Աստված նայում է ոչ թե մեր դիրքին, հնարավորություններին, այլ նայում է մեր սրտին։ Մենք Աստվածաշնչի մեջ տեսնում ենք օրինակներ։
Ինչպես, օրինակ, Դավիթը, որը իր ընտանիքում ամենափոքրն էր, իր գերդաստանի մեջ ամենաանտեսվածը, չերևացողը, բայց Աստված գիտեր նրա սիրտը։ Ու հենց նրա նվիրված սիրտն էր պատճառը, որ Դավիթը դարձավ թագավոր։
Հովսեփի օրինակում տեսնում ենք, որ Հովսեփն ամենադժբախտ, ամենաանարդար վարվեցողության ենթարկված մարդն էր, ով բանտում, ստրկության մեջ պահեց իր հավատքը, հավատարմությունը առ Աստված։ Եվ այս հավատարմությունն էր, որ իրեն բարձրացրեց մինչև մեծ կայսրության կառավարչի։ Ուրեմն, Աստված ոչ թե նայում է մեր բիզնեսի մեծությանը, մեր աշխարհաքաղաքական դիրքին, այլ Աստված նայում է մեր սրտին։ Ու Աստված փնտրում է մարդկանց, ում սիրտը նվիրված է հենց իրեն։
Մեր միության մեջ մենք հենց սրանով էլ պետք է առաջնորդվենք, որպեսզի մեր հավատքով, մեր սիրով՝ նվիրված Աստծուն, ապրենք, գործենք և առաջնորդենք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































