Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Մայիս 03,2026 19:17 Share

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնակից դպրոցների ներկայացուցիչներ, մարզասերներ:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Երևանի և մարզերի 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլի հաղթող թիմերը:

5-9-րդ դասարանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցը։

10-12-րդ դասարանցիների պայքարում հաղթել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Շիրակի մարզի Ֆոտոն վարժարանի սաները:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցաշարի հաջող անցկացման առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ավելացել են թե՛ մասնակից դպրոցները, թե՛ դպրոցականները:

«Սա վկայում է դպրոցներում սպորտի մասսայականացման բարձրացման մասին, իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերն ունեն հենց այդ նպատակը, որպեսզի մեր երեխաներն իրենց առօրյայի անբաժանելի մասը դարձնեն սպորտը, ֆիզիկական առողջ ակտիվությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցները վերակառուցման և նորոգման աշխատանքների ավարտից հետո հագեցվում են մարզական գույքով, որի պարտադիր բաղադրիչներից են թենիսի սեղանները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ արդեն իսկ որակական փոփոխությունն ակնհայտ է. «Այստեղ հայտնվող թիմերը հետևողական աշխատանք են տանում, քանի որ գիտեն՝ միայն այդ դեպքում կարող են պատվո հարթակին հայտնվել: Մրցաշարին առաջին անգամ մասնակցող թիմեր կան, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցրել, ինչն ուրախալի փաստ է և ցույց է տալիս, որ համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է գրավել յուրաքանչյուր բարձունք։ Ականատես եղանք դրամատիկ խաղերի, և ակնհայտ է՝ հոգեբանական կայունությունը, չընկճվելը, թիմային մտածելակերպը շատ կարևոր են հաղթանակի հասնելու համար: Սրանք հատկություններ են, որոնք ցանկացած իրավիճակում մեր երեխաներին օգնելու են առաջ գնալ»:

Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները ստացել են դրամական խրախուսում. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,5 մլն դրամ, 3-րդ տեղ՝ 1,5մլն դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2024 թվականից անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով։ Այս տարվա մրցումներին մասնակցել է 607 հանրակրթական ուսումնական հաստատության ավելի քան 3270 աշակերտ: 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 3236 աշակերտ 574 դպրոցից:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031