Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը։

Վարչապետ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ «Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,–նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ ժողովրդավարությունը բարգավաճում և հաջողություն կբերի մարդկանց, երկրի քաղաքացիներին, երկրին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային բոլոր նշված նպատակներին հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։
Կարդացեք նաև
Վարչապետը նաև բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության գործում․ «Մենք դա ընկալում ենք որպես շատ համարձակ աջակցություն հայկական պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագային միտված երկիր լինելու ձգտմանը»։
Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ է ընդգծել Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման փաստը և նշել, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս նշանակալի և կարևոր իրադարձության առիթով։
Իր խոսքում Բարտ դե Վևերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը՝ Բելգիայի վարչապետը նշել է․ «Սա, իսկապես, պատմական պահ է։ Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ՝ քաղաքակրթության օրրաններից մեկում: Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի և Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ։ Այն մեր ապագայի հանդեպ հանձնառության հանդիսավոր արտահայտությունն է․ հանձնառություն՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում։ Հայաստանը կարևոր դեր է խաղում՝ որպես կայունության գործընկեր և հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում։ Անորոշությամբ լի աշխարհում նման բարեկամությունները, գործընկերությունները կարևոր են: Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































