Ազգային ժողովը մայիսի 5-ի հերթական նիստում քննարկել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին :
Ելույթ ունենալով՝ Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:
Կարդացեք նաև
«Սա ինձ համար մեծ պատիվ է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հանձնաժողովն ավանդաբար ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում»,- ասել է թեկնածուն եւ հավելել, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին անդամակցել է 2019 թվականի հունվարից, հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել 2022 թվականի հոկտեմբերին: Նրա խոսքով այդ ամբողջ ընթացքում հանձնաժողովում քննարկվել, ապա ընդունվել են 1000-ից ավելի օրենքների նախագծեր:
Արուսյակ Ջուլհակյանը մանրամասնել է հանձնաժողովի կատարած աշխատանքը, անդրադարձել ընդունված օրինագծերին:
«Ձեր քվեին արժանանալու դեպքում աշխատելու եմ կառուցողական համագործակցություն ապահովելու շուրջ: Պատրաստ եմ աշխատել բոլոր խմբակցությունների եւ պատգամավորների հետ՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից»,- ամփոփելով ելույթը՝ նշել է թեկնածուն:
Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ


















































