Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, որ թուրքերը եկան, մեր տարածքները գրավեցին. ուզում ենք, որ ինքն էլ մնա». նախընտրական իրավիճակը՝ Իջեւանում

Մայիս 09,2026 10:47 Share

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում նախընտրական տրամադրություններ են։ Իջեւանի կենտրոնում հավաքված մի խումբ տղամարդիկ հույս ունեն՝ իշխանափոխություն չի լինի, Նիկոլ Փաշինյանը կշարունակի կառավարել երկիրը։ Հարցին, թե ինչո՞ւ են կողմ Փաշինյանի թեկնածությանը, պատասխանում են. «Մեր համերկրացին է, ուզում ենք, որ ինքն էլ մնա։ Մենք Նիկոլ Փաշինյանին հարգել ենք, հարգելու ենք եւ պիտի հարգենք, դա իջեւանցու խոսք է»։

«Մեր Իջեւանում ուտելը կա, խմելը կա, թոշակն էլ ամեն ամիս ստանում ենք, էլ մեզ ի՞նչ էլ պետք»,- այսպես են ներկայացնում իրենց կյանքը քաղաքի կենտրոնում հավաքված իջեւանցի տղամարդիկ։ Այնուհետեւ նրանք հավելում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ճանապարհներ ու ջրագծեր են կառուցվել, գազաֆիկացվել են համայնքներ, էլ ի՞նչ է պետք երջանիկ կյանքի համար։

Հարցին, որ անվտանգային չլուծված խնդիրները ունենք, Իջեւանի տղամարդիկ պատասխանում են. «Անվտանգային հարցերը բոլոր ժամանակներում էլ կային։ Կարեւորը Թուրքիայից ստեղ բոմբ չի ընկնում, տրաքոց բան չկա, լավ է, էլի։ Իսկ օկուպացված տարածքներ ժամանակը կգա, կվերցնենք, եթե, իհարկե, կարողանանք։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, որ թուրքերն եկան, մեր տարածքները գրավեցին։ Հիմա ի՞նչ անենք՝ 5000 մարդ կորցրեցինք, մի 50 հազար էլ կորցնե՞նք, մեր երեխեքը կռվեն ու վարի գնա՞ն։ Իսկ 5000 զոհի համար թուրքերն ու մեղավոր, հզոր են, հարձակվել են»։

Իջեւանի շուկայում առեւտրով զբաղվող տղամարդն ասում է.  «Իջեւանի ու հարակից գյուղերի բնակիչներից 10-ից 8-ը Նիկոլ Փաշինյանին են ընտրելու կամ 10-ից 10-ը»։

«Եթե պատերազմ է եղել, Փաշինյանն ինչո՞վ է մեղավոր։ Թուրքից ամեն ինչ սպասելի է, հարձակվել են, Փաշինյանն ի՞նչ աներ, Ղարաբաղի ժողովրդին թողներ այնտեղ, որ կոտորեի՞ն»,- ասում է տղամարդը։

Նա նշում էր՝ փոփոխություններ պետք են, «բայց չենք իմանում՝ եկողներից ով ոնց է աշխատելու»։ «Իսկ ինքը մեր հինն է, որ նորը եկավ, բա հետո՞, ո՞ւժ ունի՝ պաշտպանելու հայրենիքը։ Բոլորն էլ խոսք են տալիս, բայց իրենց խոսքերը չեն կատարում, դե Նիկոլ Փաշինյանը կամաց գնում է խաղաղության, էլի»։

Իջեւանցի առեւտրականը նշում է՝ ունենք օկուպացված տարածքներ, եթե խաղաղության գնան, գուցե այդ հարցերն էլ լուծվեն։ Հետո ինքն իրեն ուղղում է՝ թուրքի հետ խաղաղություն չկա, պետք էլ ուժեղանանք. «Մենք երկրի ծրագիրը չունենք, ծրագիր ունի թուրքը։ Թուրքը հասունացրել էր իր ուժերը, հիմա իր գործն է անում»։

Միաժամանակ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը թիկունքն է ամրացնում՝ դպրոց, ճանապարհ է կառուցում, զենք-զինամթերք էլ գնում։ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է, բայց թաքուն է անում, չի արտահայտվում, շատ բաներ մենք չգիտենք»։

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դպրոցի նախկին տնօրեն, պատմաբան Յուրա Բեգլարյանը, որը  «Ուժեղ Հայաստան» կուսակցության  համակիր է, մեզ հետ զրույցում նշում է՝ ամենայն հավանականությամբ Իջեւանում ապրող ղարաբաղցիների 80-95 տոկոսը Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու։

«Ես մարդկանց հասկացնում եմ՝ հանկարծ չլինի այնպես, որ ձեզ խոստումներ տան կաշառքի, խոսքի ձեւով, հանկարծ չլինի այնպես, որ ղարաբաղցին Փաշինյան ընտրի։ Յուրաքանչյուր ղարաբաղցի պետք էլ լինի ընդդիմության մի մասնիկ»,- ասում էր Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ միայն Իջեւանում 1000-ից ավելի արցախցի է բնակություն հաստատել, բայց նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիության չեն ստացել դեռ։ Հայտնի է, որ արցախցիներից շատերը դիմումները ներկայացրել են, բայց ամիսներով սպասում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Ղարաբաղցիները հարցնում են՝ մենք ընտրելու իրավունք ունենալո՞ւ ենք։ Ես նրանց պատասխանում եմ հետեւյալը՝ նրանք, ովքեր քաղաքացիություն ընդունել են, նրանք իրավունք ունեն ընտրելու, ովքեր չեն ստացել, իրավունք չունեն ընտրելու։ Ուրեմն՝ իմ սպասումներն այն է, որ իշխանությունները պետք է ՀՀ քաղաքացիություն չունեցող ղարաբաղցիներին ընտրելու իրավունք տան։ Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկելու ընտրելու իրավունքից, նամանավանդ, որ անձնագրերը նույնն են եղել։ Այսինքն՝ ղարաբաղցիներն այսօր ընտրելու իրավունքից էլ են զրկված՝ ինչպես զրկված են վերադարձի իրավունքից, այնպես էլ ուզում են մեզ զրկել ընտրելու իրավունքից»։

Յուրա Բեգլարյանը միաժամանակ ասում է, որ եթե ընդունեն ՀՀ քաղաքացիություն, Արցախի անձնագիրը չեն հանձնելու. «Եթե ինձ ստիպեն, որ անձնագիրս հանձնեմ, ուրեմն քաղաքացիություն չեմ ընդունի, որովհետեւ ես հպարտանում եմ Արցախի Հանրապետության քաղաքացիությամբ»։

Արցախցի տղամարդը նկատում է. «Տավուշի մարզը Փաշինյանի սեփականությունն է, ինքն այստեղ մեծ ազդեցություն ունի։ Իսկ մենք՝ ղարաբաղցիներս, ովքեր արցախամետ ենք, Փաշինյանին չպետք է ընտրենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031