Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել առաքելության բազմամյա գործունեության համար: «Դուք կարևորագույն առաքելությամբ եք հիմա Հայաստանի Հանրապետությունում: Կարող եմ ասել, որ մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հատկապես՝ ընտրական ինստիտուտի ձևավորման գործում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը շատ զգալի և կարևոր է։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ձեր աջակցությամբ, օգնությամբ և մեթոդաբանության կիրառմամբ մենք կանցկացնենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս ամենի արդյունքում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնն իսկապես տեղ է հասել»,– նշել է նախագահը։
Յանեժ Լենարչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փաստել է. «1996 թվականին էր, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրեց դիտորդական առաքելություն, իսկ այս անգամը 30-րդն է։ Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում, և ես մանրամասների մեջ շատ չեմ մտնի, քանի որ դուք ինքներդ ամեն ինչ շատ լավ գիտեք»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Երկուստեք կարևորվել է ընտրական գործընթացների նկատմամբ աչալուրջ վերահսկողությունն ու հետևողական մշտադիտարկումը, ինչը էական նշանակություն ունի ընտրությունների կազմակերպման որակական նոր մակարդակի ապահովման և հնարավոր թերությունների բացառման համար:
Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների նախաշեմին երկրում տիրող ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը և Յանեժ Լենարչիչը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են, որ գործընթացի բոլոր մասնակիցների կողմից պատասխանատու և կոռեկտ նախընտրական քարոզարշավի անցկացումը բխում է հանրային շահից և հանդիսանում է ժողովրդավարական կայունության երաշխիք:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ընտրական համակարգի հետագա կատարելագործման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման:
ՀՀ նախագահի աշխատակազմ


















































