«Առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր օրը սկսում է հայերենի պարապմունքներով, մայրենիի դաս է տալիս, իսկ երեկոյան մեծ հանրահավաքի ժամանակ թիմի անդամները հպարտանում են, թե մեր վարչապետի թեկնածուն գիտի արտասանել այսինչ կամ այնինչ բառը։
Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի մայրենիի իմացությունը, շատ լավ է, որ հայերեն խոսել գիտի, հայերեն բառերն առանց վրիպակի կարողանում է օգտագործել։ Բայց ես հուսով եմ նաև, որ Փաշինյանը նույն վարպետությամբ կարողանում է նախադասություններ արտասանել»,- այսօր Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին մարտահրավեր նետելով, որ ասի հետևյալ նախադասությունները․
«Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ասել՝ Ալիև, դուրս հանի զորքերդ ՀՀ տարածքից, կարո՞ղ է ասել՝ Ալիև, քո պահանջով Հայաստանը Սահմանադրություն չի փոխելու։ Կարո՞ղ է ասել՝ Ալիև, քո պահանջով Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Այս նախադասությունները կարո՞ղ է արտասանել, թե՞ չի կարող։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է շփոթվել, մարդ չկա, որ վրիպակներ չունենա։ Ամենակարևոր բանն այն է, որ քո վրիպակները չարժենան կյանքեր ու հայրենիք։
Իսկ Փաշինյանի վրիպակները արժեցել են կյանքեր ու հայրենիք։ Որովհետև նա հայտարարում էր Շուշիում, որ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, այն նույն Փաշինյանը, որ հորդորում էր մարդկանց վերցնել կասկաները ու գնալ, պայքարել, կռվել, հետո պարզվեց՝ խաբում էր մարդկանց, որովհետև պարզվում է՝ մարդիկ ադրբեջանական հողերի համար պետք է պայքարեին։ Բա, եղբայր, ադրբեջանական հող էր, մարդկանց ինչո՞ւ էիր ուղարկում մեռնելու։ Այ սա է վրիպակը։ Ամենամեծ վրիպակը Նիկոլ Փաշինյանն է, ու վստահ եմ, որ հունիսի 7-ին այդ վրիպակը սրբագրելու ենք»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































