Աշխարհի խոշորագույն թերթերի մեծ մասում կա օմբուդսմեն․ սա շատ մոդայիկ երևույթ է դարձել հատկապես վերջին տասնամյակներում։ Սակայն օմբուդսմենը կարևոր գործ է անում ընթերցողների հետ հարաբերություններում և հեշտացնում է նրանց հետ շփումը։ Այս հանգամանքը բարելավում է տեղեկատվության որակը, լրագրողների աշխատաոճը և նյութերի խմբագրումը։ Օմբուդսմենը, որը լավ հարաբերություններ է պահպանում գլխավոր խմբագրի հետ, երբեմն նույնիսկ կանխում է խոշոր հանրային թնջուկները։ Վերջապես, եթե օմբուդսմենները լավ են գրում, նրանց սյունակները գուցե ժողովրդականություն վայելեն և հետաքրքրությամբ ընթերցվեն։ Հանրությունը միշտ էլ ուզում է իմանալ, թե ինչպես են հավաքվում տեղեկությունները, և ինչ է կատարվում խմբագրության կուլիսներում։
Օմբուդսմենը կարող է գործել լրատվամիջոցի հետ կապերի բաժնի տրամաբանությամբ, կարող է հաղորդագրություններ (փոստով, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով) ստանալ, դրանք մշակել, դրանց պատասխանել, մեկնաբանությունները շահագրգիռ կողմերին փոխանցել և, անհրաժեշտության դեպքում, հրապարակել հաղորդագրությունների որոշ հատվածներ: Հնարավոր է նաև առցանց ծառայության ստեղծում:
Օգտատերերը հաճախ շատ խիստ են դատում և չեն պատկերացնում լրագրողների աշխատանքային պայմանները, դժվարությունները, որոնց բախվում են նրանք․ ժամանակի պակասը, աղբյուրների հետ հանդիպելու բարդությունները և սթրեսային բարձր ֆոնը։ Օմբուդսմենի աշխատանքի մի մասն այս խնդիրները ձեզ ներկայացնելն է․ չէ՞ որ դուք մեծապես գնահատում եք թերթի թողարկման կամ կայքի աշխատանքի մասին տեղեկությունները։
Միևնույն ժամանակ լրագրողները երբեմն չեն պատկերացնում, որ իրենց սխալները (չափազանցումները, կողմնակալ վերնագրերը, ուռճացրած նկարագրությունները, ուղղագրական և քերականական սխալները) բավականաչափ նյարդայնացնում են ընթերցողներին և սասանում թերթի հեղինակությունը։ Նրանք քննադատությունը երբեմն ընկալում են որպես նախատինք, պարսավանք, կշտամբանք, մեղադրանք։ Շատ դժվար է գործընկերոջ դիտողությունները լսելը, բայց հատկապես ծանր է անծանոթի քննադատական խոսքն ընդունելը։
Կարդացեք նաև
Ոլորտի մասնագետների համոզմամբ, մամուլի օմբուդսմենը պետք է լրագրողի և խմբագրի հարուստ փորձ ունենա, որպեսզի կարողանա ճիշտ գնահատել թույլ տրված սխալները և այս աշխատանքին բնորոշ դժվարությունները։ Պատասխանատու պաշտոններ զբաղեցրած լինելու հանգամանքը նույնպես օմբուդսմենի ակտիվում է։ Աշխատանքի փորձ, խմբագրման լավ իմացություն, պրոֆեսիոնալ և կոմպետենտ մասնագետի համբավ և, ամենից առաջ, անաչառություն․ ահա լավագույն օմբուդսմենի դասական հատկանիշները: Բայց հիմնական չափանիշը պետք է լինի անկախ ոգին, որը դժվար է չափել, թեև հնարավոր է այն որոշել՝ թեկնածուի կենսագրությունն ու կարիերան ուսումնասիրելով: Օմբուդսմենը պետք է նաև ցուցաբերի որոշակի դիվանագիտություն, որը դրսևորվում է երկարաժամկետ հեռանկարում:
Օմբուդսմենը չպետք է չափազանց սերտորեն կապված լինի որևէ լրագրողական խմբավորման, միության, կուսակցության կամ ղեկավար շրջանակների հետ և պետք է ընդունելի լինի լրատվական և լրագրողական կազմակերպություններում, որոնցում սովորաբար կարծիքների մեծ բազմազանություն է տիրում:
Ճանաչված և սոցցանցերում հեղինակություն վայելող լրագրողները սովորաբար դյուրազգաց են օմբուդսմենի քննադատության հանդեպ։ Լրագրողները չեն սիրում նրանց, ովքեր խառնվում են իրենց գործերին և ծանր են տանում նույնիսկ թեթև քննադատությունը։ Նրանց դասական արձագանքն է. «Ինչո՞ւ է օմբուդսմենը միջամտում։ Դա նրա գործը չէ»։
Օմբուդսմենը պետք է չափազանց զգույշ լինի՝ անաչառությունը պահպանելու համար, որպեսզի լրագրողները նրան չընկալեն որպես անհավատարիմ գործընկերոջ, որը ղեկավարության շահերից ելնելով գործում է որպես ոստիկան (կամ ավելի վատ՝ լրտես)։
«Առավոտի» լրագրողա-խմբագրական միջավայրը, բարեբախտաբար, ներքին համաձայնություն ունի մամուլի նպատակների և ընթերցողների հետ կնքված անուղղակի պայմանագրի վերաբերյալ, ունի լրագրողի վարքի՝ ընդհանուր առմամբ հղկված կանոնագիր և ապահովում է ներքին առողջ քննադատության և խոսքի ազատության հնարավորությունները:
Ամեն դեպքում, եթե համարում եք, որ «Առավոտի» լրագրողը կամ որևէ հրապարակում խախտել է լրագրողական բարձր ստանդարտները, ոտնահարել է ձեր շահերը, տարածել է ատելության խոսք, խտրական վերաբերմունք է դրսևորել ձեր հանդեպ, ծաղրել, անվանարկել կամ անպատվել է ձեզ, ազատորեն նամակ ուղարկեք [email protected] էլփոստին։
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Լուսանկարը՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջից


















































